Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կդառնա ռուսական զորքերի հարվածների թիրախ եւ նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին։
«Նման կառույցի ստեղծման փաստն, իհարկե, անմիջապես ընկնում է ապառազմականացման թեմայի տակ։ Սա պետք է հասկանալ»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը օգոստոսի 8-ին հայտարարել է, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել: Նա նշել է, որ թուրքական Baykar-ն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերության դուստր ձեռնարկություն եւ արդեն ձեռք է բերել գործարանի համար նախատեսված տարածքը։
«Բայրաքթար»-ների արտադրությանը կմասնակցեն շարժիչներ, անիվներ եւ պահեստամասեր արտադրող ուկրաինական ընկերությունները:
Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հուլիսի 18-ին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սատարում է ինքնիշխանության եւ անկախության համար պայքարող Ուկրաինային եւ երբեք թույլ չի տա այդ ԱԹՍ-ները վաճառել Ռուսաստանին:
Ուկրաինայի բանակը թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է ստանում 2021-ից: Եվ քանի որ դա նյարդայնացրել է Կրեմլին, Թուրքիան այլեւս տեղեկություն չի հրապարակել Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքի մասին: