Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան երկրներից պահանջել է արգելել բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք։
The Washington Post-ին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թույլ են։
«Ամենակարեւոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը»,- հայտարարել է Զելենսկին։ Նա պնդել է, որ ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել սեփական փիլիսոփայությունը։
Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը Եվրամիությունը դադարեցրել է փետրվարի 26-ից։ Բրյուսելի պատժամիջոցները հիմնականում տարածվում են ոչ թե շարքային ռուսաստանցիների, այլ իշխանության ներկայացուցիչների, ռուսական էլիտաների դեմ։
Եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ եւ վիզաների կենտրոններ սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել են ռուսների համար կարճաժամկետ շենգենյան վիզաների տրամադրումը։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը բացառել է ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական էմբարգոն՝ շեշտելով, որ նման քայլը հակասում է ԵՄ չափանիշներին։
Միեւնույն ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը նշել է, որ ԵՄ վիզային օրենսգիրքը չի պարունակում կարճաժամկետ վիզաների տրամադրման դադարեցման հնարավորություն, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն ԵՄ յուրաքանչյուր երկիր կարող է որոշումներ ընդունել առանձին դեպքերի վերաբերյալ:
Եվրոպա այցելությունն արտոնություն է, այլ ոչ թե իրավունք
Եվրամիության մի շարք երկրներում արդեն քննարկում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը։ Նման նախաձեռնությամբ են արդեն հանդես եկել Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան։
Ռուսաստանցիներին ԵՄ այցելելու արտոնությունից զրկելու կոչով հանդես եկած Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պետք է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը:
«Եվրոպա այցելությունն արտոնություն է, ոչ թե իրավունք»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կալասը: Նա շեշտել է, որ թեեւ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը փակվել է, եվրոպական երկրները շարունակում են ռուսաստանցիներին շենգենյան այցագրեր տրամադրել:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Էստոնիայի վարչապետի հայտարարությունը «նացիստական» է անվանել, իսկ Զելենսկու խոսքերը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գաղափարների հետ։