ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Նա արձանագրել է, որ այդ մարտերի հետեւանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ, եւ հավելել է, որ ԱՄՆ-ը մոտիկից հետեւում է իրադրությանն ու կոչ անում անհապաղ քայլեր ձեռնարկելու՝ թուլացնելու լարվածությունը եւ խուսափելու դրա հետագա խորացումից:
«Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղին առնչվող կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման կարեւորությունը»,- նշել է Օսթրիանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ կոչ անելով մեղմացնելու լարվածությունը եւ ուղիղ շփումներ սկսելու։
«Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվելու ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հաստատմանը եւ օգնելու հասնել հակամարտության տեւական քաղաքական կարգավորման»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն իր հերթին թվիթերյան գրառման մեջ արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւի գրառմանը, որով վերջինս ներկայացրել էր Բաքվի հավակնությունները Սյունիքի նկատմամբ:
Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ եւ բռնկվում է յուրաքանչյուր հարմար առիթով, մինչդեռ Ադրբեջանը դրանում ավելի մեծ հնարավորություններ է տեսնում եւ կարծես չի ցանկանում կանգ առնել եւ բավարարվել ձեռք բերածով։
«Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին, եւ ո՞վ կպաշտպանի Հայաստանին։ Մի՞թե չենք կարող միաժամանակ հետեւել մի քանի ճգնաժամի»,- ընդգծել է եվրապատգամավորը: