Օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքը եւ Բերձոր (Լաչին) քաղաքն ու Աղավնո գյուղն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղավնոյի եւ Բերձորի կորստի մասին այսօր ամենաբարձրը խոսում եւ մտահոգվում են նրանք, ովքեր 1997 թվականին ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը համարեցին անընդունելի, պարտվողական, դավաճանական… որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու թիմը «ծախում են Արցախը»:
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում դա միակ առաջարկն էր, որով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Լաչին՝ Բերձոր քաղաքը, այլեւ շրջանն ամբողջությամբ՝ 1835 քառակուսի կիլոմետր:
1997 թվականից մինչեւ 2007-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին ներկայացրել է կարգավորման 5 առաջարկ: Ինչպե՞ս էր լուծվում Լաչինի եւ միջանցքի հարցը առաջարկներից յուրաքանչյուրում:
1997 թվականի փաթեթային տարբերակ
Այս տարբերակում, որ մերժել է հայկական կողմը, քանի որ ԼՂ-ն համարվում էր «պետական եւ տարածքային կազմավորում Ադրբեջանի կազմում», գրված է. «Ադրբեջանը Լաչինի միջանցքը վարձակալությամբ տրամադրում է ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի միջանցքը բացառապես ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու մասին»:
«ԵԱՀԿ-ն հետեւում է Լաչին քաղաքը շրջանցող ճանապարհի շինարարությանը, որի ավարտից հետո Լաչին քաղաքը հանվում է Լաչինի միջանցքից: Դա վերադարձվում է ադրբեջանական վարչարարության ներքո, եւ նրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ: Միջանցքում չեն թույլատրվում մշտական բնակավայրերը եւ զինված ուժերը` բացառությամբ անվտանգության ուժերի թույլատրված քանակի»,- գրված է փաթեթային առաջարկում:
1997 թվականի փուլային տարբերակ
«ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988 թվականի սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի»,- գրված է փուլային առաջարկում:
Ադրբեջանը համաձայնել էր կարգավորման այս առաջարկին, քանի որ այն Արցախի կարգավիճակի հարցը թողնում էր անորոշ ապագային:
Փուլային առաջարկով հայկական վերահսկողությունը տարածվում էր նախկին ԼՂԻՄ-ի 4,4 հազար քառակուսի կիլոմետր եւ Լաչինի շրջանի 1835 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ընդհանուր ավելի քան 6,2 հազար քառակուսի կիլոմետր, այն է՝ կրկնակի ավելի, քան այսօր մնացել է Արցախից:
1998 թվականի Ընդհանուր պետության առաջարկ
Այս առաջարկով Լեռնային Ղարաբաղը դառնում էր «հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ կազմավորում «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Լաչինի միջանցքի մասին գրված է հետեւյալ պարբերությունը. «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել հաղորդակցություն ապահովելու նպատակներով ԼՂ-ի կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Ադրբեջանի եւ ԼՂ-ի համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ: Լաչինի շրջանը մշտապես պետք է մնա լիովին ապառազմականացված գոտի»:
Քի Վեսթ
2001 թվականի Քի Վեսթի առաջարկը, որ մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման 1999 թվականի Մեղրիի տարբերակի վրա, չի գաղտնազերծվել եւ մամուլում չի հրապարակվել: Հայտնի է, սակայն, որ այդ առաջարկներով ԼՂԻՄ-ը Լաչինի միջանցքով դառնում էր Հայաստանի տարածք, իսկ Նախիջեւանը Մեղրիի նեղ շերտով՝ սուվերեն անցումով, միացվում էր Ադրբեջանին: Լաչինի միջանցքի չափով ԼՂԻՄ-ից տարածք էր փոխանցվելու Ադրբեջանին:
Մադրիդյան եւ դրանից ածանցյալ առաջարկներ
2007 թվականին ԵԱՀԿ Մադրիդի գագաթնաժողովում Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների փաթեթ՝ կազմված 14 կետերից:
«Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»,- գրված է Մադրիդյան տեքստում:
1997-1998-ից հետո Հայաստանի եւ Արցախի իշխանությունները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դրեցին ձգձգումն ու սառեցումը, որն ավարտվեց 2020-ի 44-օրյա հայկական աղետով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։