Ռուսական Anonymous Russia հաքերային խումբը կոտրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԱԾ) կայքը։ Նրանց գործողությունների հետեւանքով կայքն անհասանելի է դարձել։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը թող հանգստանա չորս ժամ»,- ասված է հաքերների տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ ԱԱԾ կայքը ներկայում անհասանելի է օգտատերերի համար:
Ավելի վաղ ռուսական հաքերային Killnet խումբը եւ նրա նախկին առաջնորդը, որը հայտնի է KillMilk կեղծանունով, հարձակվել էին ամերիկյան Lockheed Martin ռազմական կորպորացիայի թվային համակարգերի վրա։ Lockheed Martin-ի դեմ կիբերհարձակման մեջ ներգրավված են եղել նաեւ Anonymous Russia, PHOENIX եւ CarbonSec հաքերների ռուսական ասոցիացիաները։
Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ ռուսական RaHDit հաքերային խմբի անդամները կոտրել են Ուկրաինայի ազգային պաշտպանության համալսարանի սերվերները։ Կիբերհարձակումը եղել է Beregini խմբավորման հետ համատեղ։
Հաքերներին հաջողվել է ներբեռնել ձեռնարկներ, ուսուցիչների, վերջին տարիների ուսանողների եւ շրջանավարտների ցուցակներ եւ այլ տվյալներ։ Նրանք կայքում նաեւ Դոնբասում Կիեւի իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ նյութեր են հրապարակել։
Ռուսական Killnet հաքերային խմբավորումն էլ նախօրեին հայտարարել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր արտադրող ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի կայքը կոտրելու մասին։