Ըստ հարավկորեական «Ռյոնհապ» գործակալության՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիսավոր կերպով հայտարարել է, որ արտակարգ հակահամաճարակային արշավում հաջողվել է իսպառ վերացնել երկրի տարածք թափանցած նոր կորոնավիրուսը։
Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել էր երկրում տենդի առաջին դեպքի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 392 հազար 920-ի:
Ըստ հյուսիսկորեական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այդ ժամանակից ի վեր արձանագրվել է հիվանդների թվի նվազման միտում: Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր: Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է հիվանդության, որը Փհենյանն անվանում է տենդ, ավելի քան 4,77 միլիոն դեպք։