Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ 2024-ի հունվարի 1-ից ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող առավել կարիքավոր անձինք կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայություններից։
2023-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով ընդունված կարգի մեջ շտկումներ կմտցվեն։
Ըստ նախագծի՝ անձնական օգնական կարող են ունենալ հենաշարժողական, տեսողական եւ հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆունկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
Պոտենցիալ շահառուների թիվը՝ 2450
Անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած չափահաս անձ, որը կանցնի համապատասխան որակավորում ու կհավաստագրվի։ Անձնական օգնական կարող է լինել նաեւ ընտանիքի անդամը։ Սա, ըստ փոխնախարարի, շատ կարեւոր է հատկապես այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք։
Անձնական օգնականի պարտականությունների մեջ են մտնում ոչ միայն անձի խնամքը, ուղեկցումը, այլեւ բնակության վայրի մաքրությունը, սննդի եւ դեղորայքի գնումները։ Նախարարության հաշվարկով այս պահին նման պոտենցիալ շահառուների թիվը 2450 է։
Անձնական օգնականի ծառայության համար կպահանջվի 5 միլիարդ 186 միլիոն 160 հազար դրամ
Նախնական հաշվարկով անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 միլիարդ 186 միլիոն 160 հազար դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության եւ ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։