Հայաստանն ընդհանուր սահման ունի չորս պետության հետ՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Վրաստան, մեկն էլ՝ մտքներս։ Բայց խոսքը էս երկրների մասին չէ, այլ հենց Հայաստանի, որը համարյա ամբողջությամբ սահմանամերձ է։ Պաշտոնապես ՀՀ-ի շուրջ 1000 բնակավայրերից 77-ն են սահմանամերձ, բայց նույնիսկ Երեւանը թուրքական սահմանից ընդամենը 30 կմ է հեռու։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո սահմաններն ավելի մոտ են Արցախում, որը համարյա վերադարձավ 1991-ի անկլավային վիճակին։ Ի դեպ, դեռ Սովետական Հայաստանում արտասահմանցի զբոսաշրջիկներին Գառնի-Գեղարդ-Սեւան շրջագծից դուրս չէին տանում, քանի որ, ասենք, Լենինականը համարվում էր սահմանային գոտի (եւ է), որի լայնությունը հենց 30 կմ-ով էր չափվում։
Բայց հիմա՝ մեր օրերում, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում, հանկարծ սահմանն աներեւակայելի «հեռանում է» Երեւանից։ Սոցցանցերում կայծակի արագությամբ տարածվում են վատ լուրեր, որոնց հաջորդում են խուճապային տրամադրություններ։ Ցավալի է, որ վատ լուրերի մի մասը հաստատվում է, բայց շատերն էլ կեղծ են լինում, մինչդեռ ես չեմ հիշում դեպքեր, երբ որեւէ մեկը ներողություն խնդրեր կեղծիք, մոլորեցնող լուր տարածելու կամ դրանց հիմնվելով սարսափազդու մեկնաբանություն անելու համար… առանց դատարանի որոշման, որտեղ հազարից մեկ նենգափոխումն է քննվում։
Ու ամեն անգամ զարմանում եմ՝ ոնց կարելի է չմտածել նրանց մասին, ում էդ տրամադրությունները ճակատագրական վճիռների կհանգեցնեն, դիցուք՝ տեղահանման։ Ի վերջո որոշեցի Արցախի որեւէ սահմանամերձ գյուղ գնալ՝ իմ աչքով տեսնելու մարդկանց, որ ապրում են սահմանին մերձ, վիճակ, որն արդեն մոռացել էին շուրջ 30 տարի, ու ինֆոահաբեկչության պայմաններում։
Գյուղի ընտրությունը երկար տեւեց։ Ծանոթներ չունեի, հյուրատներ էլ չգտա։ Ի վերջո, իմ հիանալի բարեկամուհի Կատար Տասլակյանն առաջարկեց Արցախի Մարտունու շրջանի սահմանամերձ Սոս գյուղը, որտեղ պատահականության բերումով մտերմացել էր մի ընտանիքի հետ։ (Ի դեպ, պետք չէ Սոսը խառնել Սուսի հետ, որ Բերձորի շրջանից է, հանձնվող գյուղերից)։
Ես նաեւ ծրագրել էի չտեղաշարժվել տաքսիներով կամ ընկերների մեքենաներով, որ հասկանամ, թե ինչի է բախվում սովորական ուղեւորը։ Բայց։ Նախ համացանցում տեղեկությունները նոսր են՝ 1-2 տող Գուգլում… ու նաեւ տվյալ դեպքում՝ սխալ։
Անվերջ ժողովրդի մասին մտածող ու նոր տեխնոլոգիաներից խոսող իշխանությունը չի հոգում, որ ավելի կարգավորված լինի մասնավորապես Արցախ մեկնելը։ Միակ ուղղորդող կայքը՝ https://t-armenia.com, հասարակական նախաձեռնությամբ է ստեղծված, ղեկավարն արտասահմանցի է։ Նրանց կարգախոսն է՝ UKRAINE IS NOT RUSSIA, We stand with the people of Ukraine. Putin’s war is an act of unprecedented aggression», որին ես լրիվ համաձայն եմ, բայց շատ վատ էր, որ ուղեւորությանս օրը՝ օգոստոսի 3-ին, ինձ մատնացույց արեցին Հյուսիսային ավտոկայանը, որտեղից վաղուց ավտոբուս չի գնում Ստեփանակերտ։ Ստիպված եղա գնալ Հարավային ու մի կերպ հասա վերջին միկրոավտոբուսին։
Ավտոբուսն անընդհատ փչանում էր, սարքին ժամանակ էլ վարորդն էր կանգնում տարբեր մթերքների գնումների, բայց էդտեղ երեւի բախտս չբերեց։
Բացի ինձնից՝ ավտոբուսում բոլորը արցախցիներ էին, դժվար էի հասկանում բարբառը, բայց երբ հասանք անցակետերին, ականջիս հասավ, որ մարտեր են, Եղցահողից ոչ հեռու, որի ցուցանակի կողքով մենք նոր էինք անցել։ Բոլորը մի տեսակ ցածր էին խոսում, դա հետագայում էլ ամեն տեղ նկատեցի Արցախում՝ երեւի շարունակական լարվածությունից, բայց մի արտահայտություն որսացի՝ «Երեւան պանիկայա»։
Ճիշտ է, դա նույն օրն էր, երբ մենք 2 զոհ, 19 վիրավոր էինք ունեցել, հայկական ու ռուսական անցակետերը եռակի կրճատել էին, որպեսզի կուտակումներ քիչ լինեն ճանապարհին՝ հարձակման դեպքում, բայց, մեկ է, «պանիկան» Երեւան էր։ Գումարած՝ ամբողջ ճանապարհին սպիտակ «Հյունդայի» ավտոբուսներ էին գնում Արցախ, դատարկ, ՀՀ զինվորներին տուն բերելու։
Ստեփանակերտում արդեն իմ ապագա հյուրընկալներից ու տեղում հարցուփորձ անելով պարզեցի, որ երկու ժամ ունեմ մինչեւ Սոսի ավտոբուսը։ Բավարար էր, որ հանդիպեի Յանա Ավանեսյանի հետ՝ խաղաղարարական մի նախաձեռնությունից ինձ ծանոթ։
Յանան Ստեփանակերտից է, պատմեց, որ ընդունվել է ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկը, իրավաբանության մագիստրոսի կրթություն է ստանալու, բայց նամակ է գրել, որ դասընթացը թույլ տան հեռավար անցնի. եղբայրը դիրքապահ է, մասնակցել էր վերջին օրերի մարտերին։ «Լավ էլ լինի, վատ էլ, ուզում եմ էստեղ մնալ, հեռու չլինել»։
Դա ինձ համար առաջին ազդանշանն էր, որ վտանգները միշտ չէ, որ մարդկանց ստիպում են ապահով տեղ փնտրել։ Յանան էլ տպավորված էր, որ հայաստանցի զինվորների շուրջ 20-30 տոկոսը, հնարավորություն ունենալով չվերադառնալ Արցախ արձակուրդից հետո, տնեցիների ճնշմանը դիմադրելով, հետ էին եկել էստեղ՝ վայրերը, ուր իրենք կռվել են։
Յանան որպես իրավաբան ներգրավված է պատերազմում կորուստ ունեցած երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ծրագրում։ Սկզբում երեխաները թերահավատ են եղել, բայց հիմա ավելի ու ավելի շատերն են մասնակցում, նաեւ համաձայնել են իրենց համար կազմակերպված ճամբար գալ, որը անտառապատ լեռներով շրջապատված Պատարայում է։
Ստեփանակերտի ավտոկայանը ավելի կազմակերպված հաստատություն է, քան Երեւանի Հարավայինը։ Տոմս գնեցի։
50 կմ-ը անցանք ժամ ու կեսում։ Սոսի ցուցանակը, որի մոտ իջա, սիրուն է ու յուրօրինակ է. ոչ մի նման բան ուրիշ տեղ չեմ տեսել։
Ճիշտ է, ոչ հեռու մի հուշարձան կար, որը տարօրինակ էր։ Ամեն ինչ տեղն էր, բացի էն մարդու դեմքից, որը պատկերված էր։ Սոսեցիներն ինձ ասին՝ հնարավոր է եղել իմանալ, որ նախկինում Շահումյանն է։ Չկարողացա իմանալ, թե ինչու է էդպես դիմազրկվել։
Ինձ իր փոքրիկ ավտոմեքենայով դիմավորելու եկավ Մարգարիտան՝ հյուրընկալներիս դուստրը, նա դասվար է Սոսի միջանկյալ դպրոցում։ Կարճ ժամանակով հետս ծանոթանալու եկավ Մանվելը՝ Մարգարիտայի ամուսինը։ Նա պայմանագրային զինծառայող է, դեռ շատ անհանգիստ էր սահմանին, անմիջապես էլ բարձրացավ դիրքեր։
Ինձ մի քիչ ավելորդ զգալով՝ գիշերեցի Էդիկ Քոչարյանի, նրա բարեժպիտ կնոջ՝ Արեգայի տանը։
Սոս-Ստեփանակերտ-Երեւան