ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւը հայտարարել է, որ Մոսկվան անհիմն է համարում ՌԴ խաղաղապահ զորախմբի հասցեին հնչող քննադատությունը։ Նա հավելել է, որ քաղաքական սերտ շփումների հետ մեկտեղ ակտիվ աշխատանք է կատարվում նաեւ ՌԴ խաղաղապահների հետ, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում երկրում իրավիճակի կայունացման նպատակով:
Ըստ ռուս դիվանագետի` ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում բազմիցս ընդգծել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կարեւոր դերը։ Նեչաեւը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ օգոստոսի 2-ին եւ 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցները։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփվել են նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Իվան Նեչաեւը շեշտել է, որ վերոնշյալ բոլոր հարցերը, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջը տիրող իրավիճակը, քննարկվում են` նպատակ ունենալով հասնելու ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմի համար ընդունելի լուծման։
Մոսկվան վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը
Նեչաեւը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։
«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»,- ընդգծել է Նեչաեւը։
Նա հավելել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն եռակողմ հայտարարությունների։ Հաշվի առնելով, որ խնդիրը բավական զգայուն է՝ ռուսական կողմը քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները չի հայտնում։