ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակում ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասները կփոխհատուցվեն։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալներով` որոշումը վերաբերում է 17 ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ներգրավված տրանսպորտային միջոցներին։ Դրանից 4-ը ոչնչացվել են, 2-ը վնասվել են այնպես, որ հնարավոր չէ վերականգնել, 11-ը վնասված վիճակում վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել։
Վնասի փոխհատուցման չափը հաշվարկվել է 31 միլիոն 103 հազար դրամ։ Վնասված եւ ոչնչացված մեքենաների փոխհատուցման գումարը կհատկացվի ՀՀ Կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից:
Ըստ ՊՆ-ի ներկայացրած տրանսպորտային միջոցների ու դրանք տրամադրողների ցանկի՝ ՀՀ յոթ քաղաքացի ՊՆ-ին էր տրամադրել 1 «ՈՒԱԶ», 3 «Կամազ», 2 «ԶԻԼ» եւ 1 «FORD TRANZIT» մակնիշի ավտոմեքենաներ։
Մասնավոր ընկերություններից «Աթենք» ՍՊԸ-ն տրամադրել էր 1 «Կամազ», «Շարուր» ԱԿ-ն` 1 «ԶԻԼ», «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն` 1 «ՈՒԱԶ», «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` 2 «Միցուբիշի L200», «ՅՈՒՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ն` 1 «FORD TRANZIT», «Էլբատ» ՓԲԸ-ն` 1 «Միցուբիշի L200», «Ապարանի ԷՑՇ» ԲԲԸ-ն` 1 «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՊՆ-ին էր տրամադրել 1 «ՊԱԶ 32054» մակնիշի ավտոմեքենա։ Իսկ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը` 1 «ՈՒԱԶ PATRIOT»։