Բաքուն օգոստոսի 11-ին հայտնել է Լաչինը շրջանցող ավտոճանապարհի իր հատվածի կառուցումն ավարտելու մասին: 2-3 գիծ ունեցող ճանապարհի լայնությունը 7-10․5 մետր է: Այդ ծրագրով կառուցվել է 149,5 մետր երկարությամբ եւ 13,5 մետր լայնությամբ կամուրջ:
Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցումը մեկնարկել է 2021-ի հուլիսին: Ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10-ը կիլոմետրն անցնելու է Հայաստանի տարածքով:
Ըստ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության՝ ճանապարհը համապատասխանում է երրորդ տեխնիկական կատեգորիային:
Ճանապարհի կառուցումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին ընդունված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքները սկսվել են եւ կավարտվեն մինչեւ գարուն։