Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնել է, որ Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքելու իրենց տները, բայց դեռ անորոշ վիճակ է, նրանք չգիտեն, թե ինչպես կդասավորվի իրենց ապագան։ Չավուշյանը նշել է, որ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաեւ հեռախոսային կապերը։ Աղավնոյում ներկայում ապրում է մոտ 200 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 70 երեխա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ օգոստոսի 25-ը երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի բնակիչները ստիպված են լքել իրենց տները։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, թեեւ պաշտոնապես ասվում է, որ բնակիչները տարհանվում են «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում»։ Այս բնակավայրերը հարակից են Լաչինի միջանցքին, որը շուտով կանցնի Բաքվի վերահսկողության տակ։
Աղավնոյի գյուղապետը հայտնել է, որ գյուղացիները որոշակի դժվարությունների են հանդիպում, կարիք ունեն կենցաղային, անձնական իրերի տեղափոխման, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում՝ օգտվելով մեծ պահանջարկից։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն տեղափոխվել Երեւան, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ տրանսպորտն ավելի թանկ կարժենա։
Հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ եւ Երեւան
Գյուղացիները հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ եւ Երեւան, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չկա։
Այն, որ բնակիչները պետք է լքեն գյուղը, Չավուշյանը պարզել է մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Նախորդ օրը գյուղապետարանը շինանյութ էր գնել դպրոցի շենքի մի մասը վերանորոգելու համար, սակայն հետո տեղեկացել են Աղավնոյից հեռանալու Ադրբեջանի պահանջի մասին։
«Քանի որ Հարությունյանը հայտարարել էր, որ Բերձորը չենք կարող պահել, բայց Աղավնոն կմնա, որոշեցինք վերանորոգել դպրոցը։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,- ասում է Չավուշյանը։ Նա հավելել է, որ մինչեւ Աղավնոն լքելը տեղի եկեղեցու խաչքարերը հանվում են, քանի որ բնակիչները մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք։