Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քազեմ Սաջադին հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան։ Դիվանագետն անթույլատրելի է համարել Իրանի սահմանի մոտ ահաբեկիչների ներկայությունը եւ Սիրիայից Ադրբեջան նրանց տեղափոխումը։
«Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Սիրիայի եւ Իրաքի օրինակով Թուրքիան այժմ չարամիտ ակտիվություն է դրսեւորում Իրանի սահմանների մոտ»,- թվիթերյան գրառման մեջ ընդգծել է նախկին դիվանագետը։
Քազեմ Սաջադին Թուրքիային հորդորել է զերծ մնալ նման ապակառուցողական գործողություններից՝ հայտարարելով, որ Անկարան կրակի հետ է խաղում։
2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան զանգվածաբար վարձկաններ էր տեղափոխում ռազմական գործողությունների գոտի։ 2020-ի հոկտեմբերին դրա մասին հայտարարեցին Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը: