Լատվիայի Սեյմը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող պետություն: Խորհրդարանի նիստում ընդունված հայտարարության տեքստում ասվում է, որ Ռուսաստանը նպատակաուղղված թիրախավորում է Ուկրաինայի տարածքում ապրող խաղաղ բնակիչներին, որոնց դեմ ուղղված Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես «նպատակաուղղված ցեղասպանություն»։
Սեյմի հայտարարության նախագիծն ընդունվել է 67 կողմ ձայներով, 16 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը:
Լատվիայի օրենսդիրները Եվրամիությանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու թե՛ մուտքի վիզաների եւ թե՛ տուրիստական վիզաների տրամադրումը Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին: Այդ որոշումը Լատվիան կիրառում է արդեն այս ամսվա սկզբից:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լատվիայի խորհրդարանի «միանշանակ անհիմն որոշումը հիմնված է այլատյացության վրա»:
Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին միտումնավոր հարվածներ հասցնելու մեղադրանքը եւ պնդում, որ ռուսական ուժերի թիրախը միայն Ուկրաինայի ռազմական կառույցներն են:
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 5100 խաղաղ բնակիչ:
Խաղաղ բնակիչները զոհվել են հիմնականում պայթուցիկ սարքերի, այդ թվում՝ ծանր հրետանու եւ հրթիռային կայանքների, ինչպես նաեւ հրթիռային եւ օդային հարվածների կիրառման հետեւանքով։