… Ուզում էի գրել Մնացական Մարտիրոսյան, հետո հասկացա, որ անունը որեւէ նշանակություն չունի։
Այդ խորհրդանիշի անունը կարող է լինել Մնացական կամ Գնացական, Աննա կամ Նանա, Անդրեաս կամ Մառլեն… Նրանց բոլորին, արդեն չգիտեմ էլ քանի տարի շարունակ, միավորում է մի բան՝ ծառայամտությունը, երբ խոսքը վերաբերում է օրվա իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ առաջին դեմքի համար անցանկալի անձին դատելուն։
Այդ ծառայամտությունը կարող է դրսեւորվել նախագահին/վարչապետին ակնաեւականջահաճո վճիռներ կայացնելով, ինչպես նաեւ վարչապետի/նախագահի մեծադիր նկարը երկրպագելով։
Պարտադիր չէ, որ այդ համակարգի խորհրդանիշ պայմանական Գնացականին նախագահի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի քարտուղարուհին հուշի, թե ինչ վճիռներ պիտի կայացնի։ Պայմանական ծառայամիտ Գնացականն ինքն էլ լավ գիտի, որ Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Կուկուն եւ քաղաքացուն վրաերթի ենթարկած ոստիկան Արամը պիտի մնան ազատության մեջ, հետո պիտի արդարացվեն կամ էլ, ծայրահեղ դեպքում, ստանան ինչ-որ պայմանական պատիժ։ Չէ՞ որ նրանք են ապահովում առաջին դեմքի անվտանգությունը։
Իսկ, ա՛յ, ոստիկանի մահակի հարվածներից գլուխը պաշտպանող ցուցարարը (առաջին դեմքի համար անցանկալի անձը) պիտի ե՛ւ նախնական կալանքում նստի, ե՛ւ դատապարտվի ազատազրկման՝ գլուխը հարվածներից պաշտպանելով ոստիկանի օրինական գործողությունները խոչընդոտելու համար։ Որովհետեւ նա ցուցարար է եւ հանրության անդորրը խախտող։ Նրանից առաջին դեմքը ոչ մի օգուտ չունի։
Այս համակարգի սպասարկու պայմանական Գնացականի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի «չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի» սկզբունքը, քանզի նրա համար չկան չփարատված կասկածներ, եթե ամբաստանյալն իր ելույթներով կամ գործողություններով վտանգ է ներկայացնում օրվա իշխանության համար։ Բոլոր կասկածները պայմանական Գնացականի համար վաղուց փարատված են հօգուտ օրվա իշխանությունների եւ այլեւս փարատվելու կարիք չունեն։
Բանն այնտեղ է հասել, որ պայմանական Գնացականը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելիս ամբաստանյալի առողջության մասին բժշկական եզրակացությունն անգամ հաշվի չի առնում՝ ասելով, թե դա ընդամենը բժիշկների կարծիք է։
Հիմա դնես ու հարցնես.
— Ա՛յ իմաստակ, բա մարդու առողջության մասին ձեր տան կոյուղու խցանումը բացող սանտեխնի՞կը պիտի կարծիք հայտներ, որ քեզ համար ընդունելի լիներ։
Կոյուղի ասացի, մտածեցի, որ արդարադատության այս համակարգը հենց կոյուղագիծ է հիշեցնում։ Լավ խցանված։ Բայց ներկա իշխանությունը ոչ մի բան չի անում եւ չի անելու այդ խցանումը բացելու համար։
Ուզում եք վեթինգ գոռացեք, ուզում եք պայքարեք կոռուպցիայի դեմ, միեւնույնն է, դատական համակարգի քաղաքական կոռուպցիան այն խցանումն է, որ արդեն գարշահոտ է առաջացնում, որը, սակայն, իշխանությունների քթին բուրմունք է թվում։
Ոչ մի իշխանություն ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա ցանկություն չուներ եւ չունի ազատվելու այդ կոյուղու «բուրմունքից» ու այն տարածող պայմանական Գնացականից, որովհետեւ այդ դեպքում ո՞վ պիտի թխի ընդդիմադիրների դեմ դատավճիռները։ Իսկ եթե, այսուհանդերձ, որոշեն ազատվել այս կամ այն դատավորից, ապա հաստատ իմացե՛ք՝ միայն նրանցից, որոնք ցանկություն չունեն անցնելու իշխանությունների թրի տակով եւ կայացնելու նրանց համար ցանկալի վճիռներ։
Իսկ պայմանական Գնացականների համար մարդ էլ մեռնի, ոչ մի նշանակություն չունի։ Նրանք նույն կերպ մեղադրական վճիռ էին կայացնում ե՛ւ այն ժամանակ, երբ պայմանական Աղվանը մեղադրող էր, ե՛ւ կկայացնեն հիմա, երբ պայմանական Աղվանը մեղադրյալ է։
Օրենքի տառին ու բառին համապատասխան։
Հ. Գ. Վերոգրյալը վերաբերում է ոչ թե ողջ դատական համակարգին, այլ հիմնականում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը քննող դատավորներին ու դատարաններին, որ նույնն էին երեկ, նույնն են այսօր եւ ցավոք վաղը էլի նույնն են լինելու, քանզի ոչ մի իշխանություն չի ցանկանում իր ենթակայությունից հանել այդ համակարգը եւ նրան իրական անկախություն ապահովել, իսկ համակարգի համար էլ կարեւոր չէ, թե ով է իշխանությունը։ Կարեւորը իր հանգիստ կյանքն է։ Իսկ որ երկիրն է տուժում, ո՛չ առաջինների, ո՛չ էլ երկրորդների համար նշանակություն չունի։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։