«Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Լուրը երկու ճամբարի է բաժանել ծնողներին: Մի մասը որոշումը համարում է ճիշտ, մյուս մասը վախենում է հետեւանքներից:
Բազմազավակ ծնողներից մեկը՝ Կարինեն, շատ գոհ է որոշումից, որովհետեւ կարծում է՝ այդպիսով կազատվեն քաշքշուկից:
«Բուժքույրը պետք է մշտապես կապ ունենա տեղամասային բժշկի հետ: Կամ պետք է մշակվի նոր մեխանիզմ, որ դպրոցում սովորող բոլոր երեխաների առողջության վիճակից տեղյակ լինեն: Բայց այդ ամենն արվի առանց տեղեկանքների»,- ասում է նա: Կարինեն պատմում է, որ երկու օր հերթ է պահել աչքի բժշկի մոտ: Տեղեկանքը ստանալու համար ծնողները կորցնում են առնվազն մեկ շաբաթ:
Մյուսներին էլ անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես է դպրոցի բուժքույրը տեղյակ լինելու երեխայի առողջության վիճակից եւ խնդիրներից: Նրանց կարծիքով՝ երեխայի առողջության մասին տեղեկանք, միանշանակ, պետք է, դա շատ կարեւոր է դպրոցի բուժաշխատողի համար, քանի որ լինում են դեպքեր, երբ պետք է անհապաղ կազմակերպել առաջին օգնություն, իսկ բուժքույրը եւ ուսուցիչն անտեղյակ են երեխայի առողջության խնդիրներից:
ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանել է ծնողների այս բողոքին՝ ասելով, որ դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք պահանջելը հակասում է ընդունելության կարգին։ «Ես էլ կարող եմ բազմաթիվ դեպքեր նկարագրել, երբ եղել է տեղեկանք ու զրո տեղեկություն երեխայի խնդրի մասին: Դա որեւէ կապ չունի շուրջ 40000 երեխաների ծնողների անհարկի քաշքշուկի մեջ դնելու հետ, որը, ինչպես նշեցի, կարգին հակասում է»,- ասել է փոխախարարն ու շեշտել՝ եթե երեխան որեւէ խնդիր ունի, ծնողը պարտավոր է տեղեկացնել դպրոցին:
23 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ տեղեկանքի առկայությունը չափազանց կարեւոր է. չէ՞ որ դպրոցի բուժաշխատողը պարտավոր է տեղյակ լինել երեխաների առողջության վիճակից:
«Լինում են դեպքեր, երբ հարկավոր է գործել հաշված րոպեների ընթացքում: Այդ ժամանակ դպրոցի բուժքույրը չի կարող հասցնել կապվել տեղամասային բժշկի հետ: Կամ, հնարավոր է, այդ բժիշկը զբաղված է. ի՞նչ անի բուժքույրը»,- ասում է Հարությունյանը:
Նա գտնում է, որ առավել արդյունավետ կլինի հեշտացնել տեղեկանք ստանալու ընթացակարգը՝ ազատելով ծնողներին ավելորդ քաշքշուկից: Հերթերը նաեւ գոյանում են այն պատճառով, որ ծնողներն ամռան վերջին ամսում են սկսում զբաղվել բժշկական տեղեկանք ձեռք բերելով: Հարությունյանը հիշում է իր աշխատանքային փորձից մի դեպք, երբ երեխաներից մեկին շտապ օգնություն էր անհրաժեշտ, եւ ժամանակ չկար անգամ տեղամասային բժշկին կամ ծնողին զանգահարելու: Եթե ինքը չիմանար աշակերտի հիվանդության մասին, անդառնալի հետեւանքներ կարող էին լինել:
Նախկինում դպրոցներում աշխատում էին նաեւ բժիշկներ, սակայն այսօր ամբողջ ծանրությունն ընկած է միայն բուժքույրերի վրա: Շատ հաճախ բուժաշխատողը միայնակ օգնություն է ցուցաբերում միանգամից մի քանի աշակերտի:
«Ներառականացման համակարգի ներդրումն էլ ավելի է մեծացնում տեղեկանքի կարեւորությունը, որովհետեւ այսպիսով հատուկ կարիքներ ունեցող երեխայի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց դպրոցի բուժաշխատողը»,- ասում է Հարությունյանը:
Բժշկական տեղեկանքի բացակայությունը թե՛ ծնողներին, թե՛ բժիշկներին օգնում է խուսափելու քաշքշուկից, սակայն կօգնի դա երեխաներին, թե ինչ-որ պահի լուրջ խնդիր կդառնա նրանց համար, կտեսնենք ուսումնական տարվա ընթացքում: