Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, եւ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել։
«Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Հայաստանում դա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Որքան էլ երկկողմ լինի կարգավորման գործընթացը, անհրաժեշտ է, որ բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության համար»,- շեշտել է Չավուշօղլուն։ Նա վստահեցրել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն «անկեղծ են»:
Տարեկան ապրանքաշրջանառությունը՝ շուրջ 230 միլիոն դոլար
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ առեւտրային գործառնությունների հաստատմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան ոմն պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ, վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ուղիղ առեւտուրը կարող է փոխշահավետ լինել։
Ըստ պաշտոնյայի` ներկայում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան շուրջ 230 միլիոն դոլար է։ Երկու երկրների միջեւ տարեկան միջինը 15 հազար բեռնատար է անցնում Վրաստանի տարածքով։
«Թուրքիայի տեսանկյունից Հայաստանի հետ առեւտրի ներկայիս ցուցանիշը համեմատաբար փոքր է, բայց իրականում խոսքը միլիոնավոր բնակչություն ունեցող Հայաստանի շուկայի մասին է: Եթե կողմերը կարողանան ապահովել բավարար ճկունություն եւ կարգավորել հարաբերությունները, արդյունքը կբխի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի շահերից»,- ասել է թուրք դիվանագետը։
4 հանդիպում եւ 500 հեռախոսազրույց
Ըստ թուրքական Hurriyet պարբերականի՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում դեսպան Սերդար Քըլըչը եւ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դեմ առ դեմ հանդիպել են 4 անգամ եւ 500 անգամ զրուցել հեռախոսով։