«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով անձնական օգնականի ինստիտուտ ներդնելու թեմային, նշել է, որ ներկայացված նախագծում էական սխալներ կան։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նա նշել է, որ նախագծի համաձայն՝ անձնական օգնական կարող են ստանալ հենաշարժողական, տեսողական ու հոգեկան-մտավոր խնդիրներ ունեցող, ֆունկցիոնալության խոր սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում։
Ալավերդյանը սխալ է համարում անձնական օգնականի տրամադրումը կապել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վիճակի հետ․ ըստ նախագծի՝ 2024-ից միայն անապահով ընտանիքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան օգտվել այդ ծառայությունից։
«Նման որոշումն անհավասարություն է դնում հաշմանդամություն ունեցող անձանց միջեւ, մինչդեռ անհատական օգնականի ինստիտուտը պետք է հարթի այդ անհավասարությունը, այլ ոչ թե լինի աջակցություն միայն անապահովներին»,– պարզաբանել է Ալավերդյանը։
Որակավորում անցնելը որպես պարտադիր պայման դնելն անընդունելի է
Ըստ նրա` մյուս մտահոգիչ սխալն այն է, որ անձնական օգնականները պետք է ստանան համապատասխան որակավորում, անցնեն թրեյնինգներ, վերապատրաստում։ Մինչդեռ այդ մոտեցումը, Ալավերդյանի պնդմամբ, հակասում է անկախ կյանքի ամբողջ գաղափարին։
Ալավերդյանը համոզմունք է հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է իր օգնականի միակ եւ անկրկնելի դասատուն լինել։ «Նա կարող է օգնական ընտրել առանց ցանկի ու որակավորման, կարող է ինքը սովորեցնել, թե ինչ է ուզում եւ ինչպես ու ըստ այդմ ընդունել աշխատանքի իր նախընտրած թեկնածուին»։ Հետեւաբար, ըստ Ալավերդյանի, ոչ ոք չպետք է սահմանափակի այդ հնարավորությունը, եւ դա որպես պարտադիր պայման դնելն անընդունելի է։
«Եթե ծնողը տարիներ շարունակ օգնել է իր երեխային, էլ ի՞նչ որակավորում պետք է անցնի կամ ի՞նչ արտոնագիր ստանա` անձնական օգնական աշխատելու համար»,- նշել է Ալավերդյանը։