Թուրքիա-Հայաստան սահմանի Աքյաքայի շրջան այցելած Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արեւելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի եւ շրջանի համար։
«Փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաեւ այն առումով, որ Կարսը Հայաստանի միջով հասանելիություն ունենա Միջին Ասիա»,- ասել է թուրք պատգամավորը։
Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկրների սահմանին` թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են կատարում։ Ըստ նրա՝ իրենք ակնկալում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը եւս կհամագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, կբացվեն նաեւ Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։
Թուրք պատգամավորը հավելել է, որ երթուղու վրա վերջերս եւս աշխատանքներ են կատարվել, երկաթգծին առնչվող որեւէ խնդիր չկա։ Ըստ նրա` Հայաստանի կողմի երկաթգիծը նույնպես ակտիվ վիճակում է, եւ սպասում են, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն։