Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանում կապիկի ծաղկի վարակման դեպքեր առ այսօր չեն գրանցվել։ Սահմանային անցակետերում կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում վարակի մուտքը կանխելու համար։
Խաչատրյանը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին կապիկի ծաղիկ հիվանդության ախտորոշման երկու թեստային համակարգ է նվիրել։ Ստացված թեստային համակարգերը նախատեսված են 200 հետազոտության համար։
Հուլիսի վերջին Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին է փոխանցել «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի արտադրած` կապիկի ծաղկի հայտնաբերման թեստ–համակարգեր։
Հայաստանը թեստային համակարգեր է ստացել նաեւ Եվրամիությունից, հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ քանակությամբ թեստերով։