Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը հայտնել է, որ կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ՀՀ է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Դրա շնորհիվ՝ Հայաստան ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով եւ 110 սառնարանով։
Գերսառը սառցարաններն ունեն մինչեւ 300 լիտր տարողունակություն եւ նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի եւ այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից մինչեւ +8˚C ջերմաստիճանային պայմաններում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին ընդգծել է, որ հզոր եւ բարելավված սառցային շղթան կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլեւ՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար:
Սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են 250 բուժհաստատությունների միջեւ
Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարեւոր են մարդկանց եւ երեխաների համար կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու առումով:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների եւ մայիսին առաքած երեք սառցե սենյակների:
Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատությունների միջեւ, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երեւանում, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։