Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ առաջիկա ամիսներին երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Կանցլերը խոստացել է, որ ամեն ինչ կարվի՝ օգնելու համար քաղաքացիներին հաղթահարելու այս դժվար ժամանակաշրջանը։ Կառավարությունը հանձն է առել օգնելու բոլոր նրանց, ովքեր չեն կարողանա վճարել էներգիայի համար։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով վառելիքի գների աճը Գերմանիայում եւ նրա սահմաններից դուրս շատերի համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել:
Շոլցը նշել է, որ կառավարությունն արդեն բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկում՝ երկրի բնակիչների ֆինանսական խնդիրները մեղմելու եւ ռուսական նավթին, ածուխին ու գազին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։
Կանցլերը խոստովանել է, որ այս ձմռանը շատ դժվար է լինելու, քանի որ երկիրը փորձելու է համատեղել միջուկային էներգիայից եւ հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու վաղեմի ծրագրերն ու էներգիայի պակասը:
Աշնանն ու ձմռանը շենքերը կտաքացվեն մինչեւ +19 աստիճան
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Գերմանիայում հասարակական շենքերը աշնանը եւ ձմռանը պետք է տաքացվեն մինչեւ +19 աստիճան։ Ըստ նախարարի՝ բացառություններ կլինեն, օրինակ, հիվանդանոցների եւ սոցիալական հաստատությունների համար։
«Էներգետիկ անվտանգության մասին օրենքի շրջանակում այս հարցի վերաբերյալ կարգավորումներ կհրապարակենք»,- ասել է Հաբեկը, որը դեռ հուլիսին առաջարկել էր արգելել մասնավոր լողավազանների ջեռուցումը։
Գերմանիայում ձմռանը էներգետիկ կոլապս է կանխատեսվում՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը եւ Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը բազմիցս հորդորել են երկրի քաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, որպեսզի գումար խնայեն։
Օրեր առաջ գերմանական Handelsblatt պարբերականի հրապարակած հետազոտության արդյունքներով՝ Գերմանիան ի վիճակի է հրաժարվելու ռուսական գազից, եթե կրճատի էլեկտրաէներգիայի սպառումը 210 տերավատտ/ժամով։