Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականի մայիսին եղել է 266 միլիոն դոլար: Ապրիլից սկսած` փոխանցումների ամսական ծավալները բազմապատկվել են: Պատճառներից մեկը հայ աշխատանքային միգրանտների համար ռուսական շուկայի ամբողջական բացումն է նախորդ երկու տարիների կորոնավիրուսային սահմանափակումներից հետո։
Բայց գլխավոր պատճառը ՀՀ-ում միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ռուսաստանցիների ներհոսքն է, որից հետո դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները սկսել են հաշվարկվել ամսական 100 միլիոն ԱՄՆ դոլարով, մինչդեռ նախկինում հաշիվը մի քանի տասնյակ միլիոն էր։
Հայաստանից Ռուսաստան փոխանցումների արտահոսքը ամսական 20-30 միլիոն դոլար է
Նույնիսկ 2019-ի նախաճգնաժամային մայիսին Ռուսաստանից տրանսֆերտների՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը եղել է մոտ 72 միլիոն դոլար: Ընդ որում՝ Հայաստանից Ռուսաստան փոխանցումների արտահոսքը մնում է նույնը՝ ամսական 20-30 միլիոն դոլար: Այդ պատճառով էլ տրանսֆերտների ներհոսքը կազմում է պատկառելի գումար՝ 239 միլիոն դոլար։
Հունիսին ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքը հասել է Հայաստանի ցուցանիշներով անհավանական չափի՝ 452 միլիոն դոլարի (զուտ ներհոսքը՝ 420 միլիոն դոլար): Հատկանշական է, որ հարեւան Վրաստանում տրանսֆերտների ներհոսքը մայիսին կազմել է 313 միլիոն դոլար, ինչը նույնպես կապված է ռելոկանտների տեղափոխման հետ։