Իրինա Մուսայելյանը պայմանագրային զինծառայող էր Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված գումարտակում, պատերազմ է մեկնել առաջին օրը, նրան ու զինակիցներին տարել են Թալիշ: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ից հետո, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է: Շտապել են անունը ներառել զոհվածների ցուցակում: Սեպտեմբերի 28-ին հրապարակված զոհերի ցուցակում նրա անունն արդեն կար՝ Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979 թ., զինծառայող: Բայց մարմինն այդպես էլ չի գտնվել: Հարազատների ջանքերով Իրինայի անունը հանվել է զոհերի ցուցակից եւ անհայտ կորածների ցուցակում է: Այժմ նրա ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով հատուցում ստացող 1015 ընտանիքներից է: Այս ցուցակում փոփոխություններ հաճախ են լինում. ոմանց գտնում են մասունքների նույնականացման արդյունքում: Բայց ցուցակում ներառված շատերի հարազատները հույս ունեն, որ իրենց որդին, այնուամենայնիվ, գերի է: Իրինան ցուցակում միակ կինն է: Նրա քույրը՝ Քրիստինա Աբրահամյանը, նույնպես կարծում է, որ քույրը գերեվարված է: «Կին զինծառայող զոհեր շատ քիչ են եղել, կնոջ դին ավելի շուտ կգտնվեր: Ավելի արագ ճանաչելի կլինի նաեւ նույնականացման արդյունքում կամ առանց դրա էլ: Բայց մինչեւ հիմա իմ քույրիկից ոչ մի մասունք կամ իր չի գտնվել: Քանի որ նա զինծառայող է, կարծում եմ՝ Ադրբեջանը չի ուզում նրա մասին տեղեկություն տալ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Քրիստինա Աբրահամյանը:
Իրինայի հայրն ու ամուսինը զոհվել են Արցախյան առաջին պատերազմում, եւ ադրբեջանական կողմը, ըստ նրանց, տիրապետում է Իրինայի մասին ամբողջական տեղեկատվությանը, այդ պատճառով էլ տեղեկություններ չի տրամադրում: Ընտանիքը պատերազմի առաջին օրից թակել է հնարավոր բոլոր դռները՝ որեւէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, բայց ապարդյուն:
«Նրա հետ ծառայողներից հինգը անհայտ կորած էին համարվում, մասունքները նույնականացնելով՝ հունվարի 1-ին նրանցից մեկին գտան Վանաձորում, իսկ հրամանատարին Գորիսում են գտել, բայց ընտանիքը կասկածներ ունի, նորից են ԴՆԹ հանձնել: Մենք էլ չորս ամիս է՝ ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել, բայց պատասխան չկա»,- ասում է Քրիստինան:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անհայտ կորածների ցուցակը մինչեւ հիմա ամենաամփոփն է, որում քիչ թե շատ ի մի են բերված անհայտ կորածների անունները: Այլ ցուցակներ էլ կան, բայց հիմնադրամը հատուցումը տրամադրում է հենց այս ցուցակով ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Հետագայում, երբ դին գտնվում է, անունը հանվում է, դադարեցվում է փոխհատուցումը ընտանիքին, եւ նրանք արդեն օգտվում են այլ սոցիալական ծրագրից:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները 300,000-ական դրամ ֆինանսական աջակցությունը կստանան 6 ամիս: «Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքում օրենքով նախատեսված շահառուները հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ, կնվազեցվեն «Կամուրջ»-ի շրջանակում փաստացի ստացված գումարները: Իրինայի քույրն ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է մարդն ընդմիշտ անհայտ կորած համարվել, որեւէ հետք, տվյալ, այնուամենայնիվ, կհուշի նրա զոհված կամ գերեվարված լինելու մասին: «Մեր միակ նպատակը այժմ ՄԻԵԴ դիմելն է: Փորձելու ենք Եվրոպական դատարանի միջոցով տեղեկություններ ստանալ քրոջս մասին, որ այս պահին անհայտ կորած համարվող միակ կին զինծառայողն է: Ադրբեջանը պաշտոնապես պետք է հերքի կամ հաստատի նրա՝ իր մոտ գտնվելը… Պատմությունը կրկնվում է: 28 տարի հետո իմ ընտանիքը նորից կանգնեց ողբերգության առջեւ»,- ասում է Իրինայի քույրը: Իրինան ծնվել է Մարտակերտի Վաղուհաս գյուղում, աշխատել է Խնկավանի գրադարանում որպես գրադարանավար, ապա Դրմբոնում է աշխատել: Չորս տարի է, ինչ զինծառայության է անցել: Ունի մեկ որդի:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։