Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել եւ հռչակվել չեմպիոն:
Երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով նա ոսկե մեդալ է նվաճել․ «Պոկում» վարժությունում Բարսեղյանը բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը։ Դա եւս ռեկորդային է Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների պատանիների շրջանում։ «Հրում» վարժությունում Բարսեղյանը գլխավերեւում է պահել 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում նա եւս արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:
Զուգահեռաբար ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում էլ 16-ամյա ծանրորդ Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով դարձել էր արծաթե մեդալակիր եւ կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն են դարձել նաեւ գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:
Եվրոպայի պատանիների եւ Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին: