Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները, հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում։
«Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան ընդգծել է, որ ամռան սկզբին Գուտերեշի եւ գլխավոր քարտուղարության պատճառով է ձախողվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայնեցված եւ նախապատրաստված առաքելության այցը ատոմակայան: ՌԴ ԱԳՆ-ում համոզմունք են հայտնել, որ նոր այցի նախապատրաստման դեպքում իրավիճակը կարող է կրկնվել:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի եւ Ուկրաինայի զինվորականներին կոչ էր արել «անհապաղ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները ԱԷԿ-ի անմիջական հարեւանությամբ», ինչպես նաեւ ԱԷԿ-ից դուրս բերելու ռազմական անձնակազմն ու տեխնիկան: