Ըստ New York Times պարբերականի՝ նախօրեին հանրային միջոցառման ժամանակ հարձակման ենթարկված 75-ամյա գրող Սալման Ռուշդին շտապ վիրահատվել է եւ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին։
«Նորություններն այդքան էլ հուսադրող չեն։ Սալմանն, ըստ ամենայնի, կկորցնի աչքը, ձեռքի նյարդերը կտրված են, լյարդը դանակով վնասվել է»,– հայտնել է գրողի գործակալ Էնդրյու Ուայլին։
Գրող Սալման Ռուշդիի վրա հարձակվել էին Չաուտոկվա քաղաքում, որտեղ գրողը պետք է դասախոսություն կարդար Chautauqua Institution կրթական կենտրոնում։
Միջոցառման մեկնարկից առաջ բեմ է դուրս եկել մի տղամարդ եւ դանակով հարվածել գրողի պարանոցին եւ բռունցքով մի քանի հարված հասցրել։ Տղամարդը հարվածել է նաեւ հանդիպման կազմակերպիչ Ռալֆ Հենրի Ռիզային, որն այդ պահին Ռուշդիի հետ բեմում էր։ Սալման Ռուշդին ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակվողը տեղում ձերբակալվել է։
Հնդիկ գրող Սալման Ռուշդիի՝ 1988-ին լույս տեած «Սատանայական բանաստեղծություններ» վեպը բողոքի ալիք էր բարձրացրել մահմեդական աշխարհում, քանի որ այն հակաիսլամական են համարել. կերպարներից մեկը Մուհամեդ մարգարեին է հիշեցնում։
Իրանի այն ժամանակվա հոգեւոր առաջնորդ այաթոլա Խոմեյնին իր ֆաթվայով գրողին դատապարտել էր մահվան եւ հրապարակավ անիծել Ռուշդիին եւ բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն գրքի լույսընծայման հետ։ Իսլամական հիմնադրամներից մեկը նրա գլխի համար 3,3 միլիոն դոլար էր խոստացել։
Ռուշդիի գիրքն արգելվել էր մի շարք երկրներում։ Երկար ժամանակ գրողը ստիպված էր թաքնվել, հանրության առաջ բավական հազվադեպ էր հայտնվում, այն էլ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։