ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դատարանը բավարարել է արդարադատության նախարարության խնդրանքն ու հրապարակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքի խուզարկության թույլտվություն-հիմնավորումը:
The Wall Street Journal եւ Politico պարբերականների տվյալներով Հետաքննության դաշնային բյուրոյի գործակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկության ժամանակ գաղտնի փաստաթղթերի 11 փաթեթ են հայտնաբերել:
Հայտնաբերվել է նաեւ 20 տուփ՝ տարբեր առարկաներով, դրանց թվում՝ լուսանկարներ, ձեռագիր գրառումներ եւ կրիչներ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին տեղեկություններով։
ՀԴԲ-ն առգրավել է փաստաթղթերի 4 փաթեթ «հույժ գաղտնի», 3-ը «գաղտնի», եւս 3-ն էլ «խորհրդապահական» մակագրությամբ։ Առգրավված նյութերի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում։ The Washington Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԴԲ-ն միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր է փնտրել նախկին նախագահի տանը:
Պետության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մասին օրենքը խախտելու համար: «Լրտեսության մասին օրենքն» արգելում է պաշտպանության մասին տեղեկությունների պահպանումը կամ փոխանցումը: Հանցագործությունը ենթադրում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Թրամփն իր հերթին համոզմունք է հայտնել, որ խուզարկությունն առնչվում է 2024-ի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը։