Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանն Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բացել հաղորդակցությունը Երեւանի հետ, որը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին անցյալում թողնելու:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ հաղորդակցության բացումը բխելու է ամբողջ տարածաշրջանի շահերից՝ նոր լիցք հաղորդելով համագործակցությանը եւ նոր հնարավորություններ բացելով։
«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապի վերաբացման վերաբերյալ, որը նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրի մի մասն էր։ Տարբեր մակարդակներում բանակցության մի քանի փուլեր են տեղի ունեցել, եւ կարծում եմ՝ այս հարցը կարող է առիթ լինել պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու եւ անցյալում թողնելու համար։ Հրադադարի այս չորս ամիսն արդեն ցույց են տալիս ապագայի վրա կենտրոնանալու երկու կողմերի կամքը»,- ասել է Ալիեւը։
ԵԱՀԿ նախագահը Թվիթերի իր միկրոբլոգում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել եւ գրել, որ ԵԱՀԿ-ի հետ փոխհարաբերությունների եւ տարածաշրջանային գործընթացների շուրջ կառուցողական քննարկումներ են անցկացրել: Լինդեն նշել է, որ ԵԱՀԿ-ն կքննարկի, թե ինչպես կարող է աջակցել հակամարտության վերջնական լուծմանը, եւ շեշտել է, որ այս համատեքստում առաջնահերթ են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, խաղաղությունը եւ անվտանգությունը։
«Ընդգծվել է չլուծված խնդիրների լուծման գործում ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների կարեւոր դերը»,- գրել է Լինդեն:
ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան` քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։