Արցախի թեմայով զրույցները Երեւանում հաճախ էին ավարտվում եզրակացությամբ, թե ոչ մի բան հստակորեն կանխատեսելի չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմը տասնապատկեց անորոշությունը։ Փնտրեցի նյութեր, թղթակցություններ։ Ճնշող մեծամասնության բովանդակությունը՝
ա. սահմանին կրակում են՝ ՊՆ-ն հերքել է կամ, հապաղումով, հաստատել է…
բ. իշխանությունը հանձնում է, ինչ հնարավոր է, ընդդիմություն/նախկին իշխանությունը մեղադրում է, բայց ինքը ժամանակին, թալանից բացի, ոչինչ չի արել։
Ուզում էի գրել ֆբ-ում, թե՝ իսկ մարդի՞կ, ո՞վ է պատմելու նրանց մասին, ովքեր ապրում են սահմանին՝ անորոշ ապագայով ու խախուտ անվտանգությամբ։ Բայց մտածեցի՝ փոխանակ հերթական մուննաթը, ՊԵՏՔ Է-ն ավելացնեմ եղած բյուրերին, վեր կենամ ինքս գնամ։
Արցախի Մարտունու շրջանի Սոս սահմանամերձ գյուղ եկա օգոստոսի 3-ին, երբ 1-ին սկսված մարտերը հասել էին ամենաթեժ փուլին. օրվա վերջին հայտարարվեց, որ հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։
Հայաստանում շատ-շատերը կան, ում համար ամեն մի զոհն ու վիրավորը անձնական ողբերգություն է, բայց էսքան կորուստը Արցախում բոլորին է դիպչում։ Մեկի ազգականն է, մյուսի՝ համագյուղացին, երրորդի՝ զինակից ընկերոջ որդին։ Իսկ կռվել են Արցախի սահմանամերձ գյուղերում՝ ինչքան տղամարդ կա, առնվազն՝ մեկ պատերազմում, շատերը՝ բոլոր երեք։ Միայն Սոս գյուղից Արցախյան 1-ին պատերազմում 6 խաղաղ բնակիչ է զոհվել… 39 մարտիկ, 44-օրյա պատերազմին՝ եւս 5-ը։
Ամենուրեք՝ տներում, գյուղամիջում, քննարկում էին, թե ռուսներն ինչի չեն խառնվել։ Թեեւ հենց մեր զինվորականներից ոմանք ասում էին՝ կռվել են, «մեր կողմից», զոհեր ու վիրավորներ ունեն, դա չհաստատվեց։ Լուսանկարներով, տեսագրություններով չեն հաստատվել նաեւ ադրբեջանցիների տասնյակ զոհերի մասին տեղեկությունները, որոնց աղբյուրներից մեկը նույնիսկ մարտերի մասնակից էր։ Ամենաքիչը քննարկվում էր, թե ինչու է բախումը պատահել՝ «թորքը մնում ա թորք», դե արի դրանց հետ ապրի. ո՞նց կապրես։ Չգիտեմ՝ Ադրբեջանը համաձայնեցրե՞լ էր Բերձորի այլընտրանքային ճանապարհը, թե՞ հայկական կողմն էր գերադասել ձգձգել, բայց 30-կիլոմետրանոց ճանապարհը սարքվում էր բոլորի աչքի առաջ։ Ինչպես դեպի Շուշի տարվող շինարարությունը, որը նկարել եմ երթուղային միկրոավտոբուսից։
Ուրեմն, եթե աչքներիս առաջ էր, բայց համաձայնեցված չէր, ավելի վաղ պետք էր միջոցներ ձեռք առնել, եթե ձգձգել ենք, հետո համակերպվել փաստի հետ, ո՞վ պետք է պատախան տա նոր ռազմական կորուստների համար, որոնք խորացնում են հիասթափությունը, հուսահատությունը։
Հեշտությամբ չհաղթահարվող զգացումներ։ Սոսում իմ հյուրընկալներն էին Էդիկ Քոչարյանը, նրա սրտաբաց կինը՝ Արեգան (Արեգայի եղբոր անունն էլ Կայծեր է), նրանց դուստրը՝ Մարգարիտան, փեսան՝ Մանվել Ղահրամանյանը: Քոչարյանների որդին՝ Սեւակը, վիրավորվել է 44-օրյային, Հայաստանում է, ապաքինման երկար ճանապարհ ունի անցնելու «Զինվորի տանը»։ Նրանք առաջին երեկոյան հարցրին, թե հատկապես ինչն է ինձ հետաքրքրում, ինչով օգնեն։ Ասի, որ ռազմական թղթակից չեմ, պաշտպանության վերաբերյալ հարցեր չունեմ, պարզապես ուզում եմ խոսել մարդկանց հետ՝ տարեցների, պատերազմից տուժածների, նրանց, ովքեր գործ են դրել էստեղ, գյուղի պատմությունից լավատեղյակների։ Առաջին շոկս էր, որ պատասխանեցին՝ տարիքն առած մարդ չի մնացել, որը գյուղում, որը 44-օրյայի տեղահանության փուլում Հայաստանում է մահացել։
Քչերից մեկը, որ մնացել է, Հենրիկ Ավանեսյանն է։ Սոսում նրան կոչում են Հենո։ Հանդիպեցինք պատահաբար, երբ ինձ առաջարկեցին արագ գնալ գործի, «բիզնեսի» ակտիվ փուլ նկարելու՝ մեղրաքամի։ Վիգեն Մանասյանը ընկերոջ ու որդու՝ Մանասի հետ շրջանակներն էր հանում փեթակներից ու դասավորում արկղերի մեջ։ Բառ փոխանակելու հնար չեղավ։ Միայն Մանասը, որ արդեն ծառայել է բանակում, զորացրվել, խնդրեց իրեն նկարել՝ երկու մեղրառատ շրջանակների ու իմ հանդեպ մեղուների հետաքրքրասիրության միջեւ կարճ դադարին։
Հենոն աշխատում էր մոտակա այգում։ Նա 75 տարեկան ութ ամսական է՝ իր խոսքով։ 1990-ականների պատերազմին արկը խփել է, զոհվել է գոմում կով կթող կինը։ Հենոն նորից է ամուսնացել, դեռ շարունակում է աշխատել։ Նա ինձ ցույց տվեց հազարամյա, իր խոսքով, թթենին, մերձակայքի ամենամեծ ուռենին։
Հիասթափությունից նա էլ, ինչպես ինձ հանդիպած արցախցիների մեծ մասը, ելքը համարում է Ռուսաստանին միանալը.
— Ա՜ Պուտինի հետ պետք ա լեզու գտնել։ Նա պեն ա (բան ա)… չեչեն… չէ, չեչեն չի, էն խելացի ազգիցն ա, տյու ասա… եվրեյ…
Հարցնում եմ՝ իր կարծիքով Պուտինը չգիտե՞, որ շատ արցախցիներ ուզում են միանալ Ռուսաստանին, չե՞ն հայտնել իրեն Զորի Բալայանի նամակների մասին։
— Հալբաթ կիմանա։
Ուրեմն ինչո՞ւ չի միացրել նախքան 44-օրյա պատերազմը, երբ Արցախի տարածքը մի քանի անգամ ավելի մեծ էր… կամ հիմա չի միացնում։
— Հի՞նչ իմանամ… քիփ ա Էրդողանի հետ։
Ինչ վերաբերում է գյուղի պատմությանը, Մանուշ Վանյանն է գիտակը, Սոսի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Ամուսինը արցախյան պատերազմների մասնակից է, որդին վիրավորվել է 44-օրյային, դեռ լրիվ չի կազդուրվել։ Տիկին Վանյանը գյուղի հիմնադիր չորս գերդաստաններից մեկից է սերում՝ Կյափունցներից, Գաբրիելենցից, տոհմիկ մանկավարժների, կենսաբան-գիտնականների ժառանգ է։
Նախ տնտեսագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի համալսարանում, ապա՝ կենսաբանի։ Բժիշկ չի դարձել, որովհետեւ… սրսկման հետ խնդիր ունի։ Հիմա մի կրթության շնորհիվ կառավարում է դպրոցը, մյուս առարկան՝ դասավանդում։
Նա պատմեց գյուղի սրբատեղիների մասին։ Սուրբ Գեւորգի եկեղեցին գյուղի մեջ է, սովետական տարիներին պահեստ են դարձրել։ Վանյանի նախաձեռնությամբ, աշակերտների մասնակցությամբ տասնյակ բեռնատար աղբ են հանել, մաքրել: Հիմա գյուղացիներն այցելում են, մոմ վառում, բայց արարողություններ չեն անցկացվում։ Ճիշտ է, եկեղեցու մուտքը հիմա էլ անհնար էր գտնել, եթե ինձ չուղեկցեին, իսկ շրջակայքը լուրջ բարեկարգման կարիք ունի։
Մյուս սրբավայրերը մոտակա սարերի գագաթներին էին։
Դպրոցը փողոցի կողմից էի նկարել։ Ցույց տվեցի տիկին Վանյանին։ Հարցրեց՝ նկարե՞լ եմ արդյոք ծաղկանոցը։ Առանձին չէի նկարել։ Զուգադիպեց՝ հենց հաջորդ օրը ուսուցիչները վերադառնալու էին արձակուրդից։ Ուրեմն իմ ծրագրում մյուս առավոտ դպրոցը, հեռու սրբավայրերն էին լինելու եւ հանդիպումը պայմանագրային զինծառայողների հետ, որոնց տեղադրության վայրը չի կարելի ասել. նրանք առաջինն են օգնության հասնելու դիրքերին, եթե հարձակում լինի։
Սոս-Ստեփանակերտ-Երեւան