Նկարիչների միության սրահներում այս շաբաթ մեկնարկեց հողարվեստին (Land art) նվիրված մի հետաքրքիր եւ բազմաժանր ցուցադրություն, որը համադրել էր նկարիչ Նարեկ Ավետիսյանը։ Տարբեր շրջանների, ոճերի, սերունդների մի շարք արվեստագետներ իրենց գործերում ներկայացնում էին հողը եւ դրանից ծնվող «Սուբստրացիան»։
«Հողը ե՛ւ հայերենիք է, ե՛ւ տիեզերական մտածողության մասնիկ. այդ փոխադարձ կապն է օգնում մարդուն իր «ես»–ը հասկանալու: Հնագույն ազգերի համար, ինչպիսին հայերն են, հողի ուսումնասիրությունը կարեւոր է»,– նկատում է Նարեկ Ավետիսյանը։
Անդրադառնալով ցուցահանդեսի խորագրին՝ նա գրում է․ ««Սուբստրատում» բառն ունի լատիներեն ծագում․ նշանակում է ենթաշերտ, հիմք. փիլիսոփայական եզր է եւ ունի մետաֆիզիկական ըմբռնում։ Այն նաեւ միատեսակ երեւույթների ընդհանուր հիմքն է։ «Հող» սուբստրատը՝ որպես տարերք, անբաժան է օդից, ջրից եւ կրակից ու եթերից, խորհրդանշում է նյութական եւ կենսական էներգիան, ինչպես նաեւ կյանքի վերսկսման ոգին եւ մեծագույն ջանքը, որն առաջանում է ավերման մեծ ցիկլից հետո»։
Արդի (մոդեռն) արվեստի տեսաբանները 20-րդ դարի ուղիներում առանձնացնում են գեղարվեստական նոր ժանր, որի գլխավոր արտահայտչամիջոցը հողն է։ «Լենդ արթը» կամ «Ըրթ արթը» ծագել է նախորդ դարի 60-ականներից, երբ մի շարք ամերիկյան արվեստագետներ հիմնադրեցին հասարակական-մշակութային նոր շարժում։
Այս ստեղծագործողների ոգեշնչման գլխավոր առարկան բնական լանդշաֆտն էր, ինչը դառնում էր նրանց ստեղծագործությունների հիմնական համատեքստը։ Շարժումը հիմնվում էր կոնցեպտուալ արվեստի նվաճումների եւ մինիմալիզմի գաղափարախոսական առանձնահատկությունների վրա։ Այն բողոքի իսկական դրսեւորում էր զանգվածային արվեստի հանդեպ, որն արագորեն ապրանքայնացնում եւ շուկա էր նետում մեծ քանակությամբ մշակութային արտադրանք։
Ի հակադրում փոփ արթի տեխնիկական հագեցվածության՝ հողարվեստով հետաքրքրված ստեղծագործողներն օգտվում էին հիմնականում բնական նյութերից. նրանց բնորոշ էին ծավալների ու պատկերների ստեղծման պարզ, բայց նաեւ մոնումենտալ ձեւերը։ Այս գեղարվեստկան ուղղության առանցքային դեմքերից եւ գլխավոր գաղափարախոսներից էին Ջոզեֆ Բոյսը՝ իր այսպես կոչված «սոցիալական» քանդակներով, ինչպես նաեւ նշանավոր արվեստագետ Ռոբերթ Սմիթսոնը։
Առհասարակ 20-րդ դարի վերջում, ի թիվս այլ կոնցեպտուալ հղացումների, հողարվեստի մասին պատկերացումները եւս ընդարձակում են իրենց սահմանները՝ քննելով ոչ միայն հողը որպես ստեղծաբանական նյութ, այլեւ երկրի մասին հավաքական հիշողություն։ Այս բարդ խնդիրը լուծվում է բավական դյուրին կերպով, երբ փորձում ենք նույնացնել «երկիր» բառը «հող» բառի հետ։ Ժամանակակից արվեստում արդեն լենդ արթը վերածվում է դիտողական զգայաբանության, որի գլխավոր խնդիրը այսուհետ հիշողության կարգավորումն է, անցյալի ու ներկայի հարաբերումը նույն ժամանակի մեջ։
«Սուբստրատում» ցուցահանդեսում ներկայացված էին 15 արվեստագետների գործեր։ Նրանցից շատերի աշխատանքները ստեղծվել են հիմնականում իրենց փակ արվեստանոց-լաբորատորիաներում, իսկ մի քանիսը որպես նյութ օգտագործել էին Էրեբունի եւ Կարմիր բլուր ամրոցների պեղումներից հանված հողը: Իր հարցազրույցներից մեկում Նարեկ Ավետիսյանը, անդրադառնալով ցուցահանդեսի գաղափարին, նշում է․ «Յուրաքանչյուր արվեստագետ հողը մի բանի հետ է կապում՝ հայրենիք, մարմին, մշակույթ, տարերք եւ այլն։ Կարեւորը ոչ թե պատասխան տալն է, այլ նոր տեսողություն, նոր ընկալման դաշտ ստեղծելը։ Հողի՝ երկրի թեման արծարծող ցուցահանդեսը բոլոր մարդկանց միավորելու ցանկությունն էր արտահայտում։ Որպես կանոն, Հողը խորհրդանշում է վախճանը եւ ավարտը, սակայն «Սուբստրատումը» կործանմանը չի վերաբերում, այն ասում է, որ հողը ներող ու ամեն ինչ կլանող երեւույթ է, որից սկզբնավորվելու է նոր կյանքը»։
Արվեստագետների թվում, ինչպես նշեցինք, կային տարբեր սերունդների ստեղծագործողներ։ Այս շարքում լենդ արթի ոլորտում թերեւս ամենամեծ ավանդն ունի Մարկոս Գրիգորյանը, որի նշանակալի ներդրումը 20-րդ դարի արվեստում խորապես գնահատվել է թե՛ հավաքական Արեւմուտքում եւ թե՛ Արեւելքում՝ իր ծննդավայր Իրանում։ Մարկոս Գրիգորյանն հայազգի այն եզակի արվեստագետներից էր, որի գործերը լայն տարածում գտան ժամանակակից արվեստի խոշորագույն հավաքածուներում (ինչպես, օրինակ՝ «Թեյթի», «Մոմայի» պատկերասրահները, «Մետրոպոլիտեն» եւ «Բրիտանական» թանգարանները)։
Ավագ սերնդի արվեստագետների թվում նշանակալի են նաեւ Համլետ Հովսեփյանի գործերը, որոնք իրապես նոր խոսք էին նախորդ դարավերջի ժամանակակից հայ արվեստում։ Նրա ներփակված աշխարհում ստեղծված գործերը իրական նվաճումներ էին՝ մի քանի քայլ առաջ իր ժամանակից։ Արվեստագետի բազմաժանր ստեղծագործություններում առանձնանում են հատկապես պարզունակ տեխնիկական միջոցներով նկարահանված շարժուն տեսապատկերները։ Համլետ Հովսեփյանի գործերը եւս մեծ տարածում գտան եվրոպական խոշոր հավաքածուներում, որոնք էականորեն փոխեցին արդիական արվեստի լեզուն։ Նրա տեսապատկերներում երբեմն պարզ թվացող շարունակական գործողությունները վերածվում են պարոդիայի եւ իրեն շրջապատող աշխարհը քննող հարցադրումների, որոնք արտահայտվում են վերացարկվող էքսպրեսիոնիզմի եւ այսպես կոչված աղքատ արվեստի (arte povera) մտածողության միջոցով։
Ցուցադրված մյուս գործերի թվում ուշագրավ էին նաեւ արվեստագետներ Սահակ Պողոսյանի, Նարինե Իսաջանյանի, Անի Քանանյանի, Ալեքսեյ Մանուկյանի, Դավիթ Կարայանի, Արթուր Օշականցու, Գուրգեն Վաչյանի, Կարեն Քյուփելյանի, Ստեփան Վերանյանի, Լիլիթ Ալեքսանյանի եւ Աշոտ Աշոտի ստեղծագործությունները։
Այսպիսով՝ «Սուբստրատում» նախագիծը հետաքրքրական փորձ էր՝ մեկտեղելու հողի մասին այս արվեստագետների ընկալումները եւ հայեցումները։ Այն յուրահատուկ երկխոսություն էր տարբեր սերունդների ստեղծագործողների միջեւ, որոնք փորձել էին խաղարկել հողը՝ ստեղծելով ինքնատիպ արտահայտչական լեզուներ։ Թեեւ տարբեր էին այս արվեստագետների գործունեության ոլորտները եւ ուղերձները, սակայն նրանց միավորում էր հողի մասին եղած միեւնույն հավաքական հիշողությունը։
Լուսանկարները Նարեկ Ավետիսյանի ՖԲ էջից
Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։