Թմբին թառած փոքրիկ գյուղի առօրյան մյուսներից շատ չէր տարբերվում, մինչեւ բնակիչների թիվը համալրվեց յոթ ընտանիքով: Օրեցօր դատարկվող բնակավայրի կյանքում սա մեծ փոփոխություն է:
Թառաթումբի կյանքում մյուս կարեւոր նորությունը փոքրիկ խաղահրապարակի բացումն է եղել:
Մի քանի խաղասարքերը երեխաների առօրյան գույներով, գյուղացիներինը աշխուժությամբ են լցրել: Հիմա ամեն երեկո դպրոցի շենքի մոտ գտնվող խաղահրապարակում հավաքվում են մեծ ու փոքր, զրուցում:
Աննա Ոսկանյանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ Արցախից Թառաթումբ տեղափոխված յոթ ընտանիքներից մեկի հարսն է: Փոքր տղան Թառաթումբում է ծնվել: Աննայի ամուսնու ընտանիքը Վայոց ձորի հայրենի գյուղից Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում էր վերաբնակվել դեռ 2000-ականներին: 2020-ի հոկտեմբերի 15-ին ընտանիքը վերադարձել է Թառաթումբ՝ իր հետ բերելով միայն առաջին անհրաժեշտության իրերը: Այժմ փոխհատուցում ստանալու հերթում են: Աննան ասում է՝ կամաց-կամաց հարմարվում են, բայց որ կարողանային աշխատանք գտնել, մի բանով զբաղվել, ավելի հեշտ կլիներ:
Թառաթումբում մանկապարտեզ չկա, բայց երեխաներին հարեւան գյուղի մանկապարտեզն են ուղարկում: Նախակրթարան բացելու որոշում ունեն: Գյուղի միջնակարգ դպրոցի 18 տարվա տնօրեն Զոհրաբ Խաչատրյանը կարոտով է հիշում այն տարիները, երբ աշակերտների թիվը մեծ էր, Թառաթումբն էլ Եղեգնաձորի շրջանի այն գյուղն էր, որի շրջանավարտներն ամենաշատն էին բարձրագույն կրթություն ստանում:
«2000 թվականից դպրոցում եմ, 152 աշակերտ ենք ունեցել, հիմա ընդամենը 44-ն են: Ավարտողները չեն մնում, նոր ընտանիքներ չեն կազմավորվում, աշխատանք չկա: Դպրոցը գյուղի հիմնական գործատուն է. 20 հոգի է աշխատում՝ սպասարկող անձնակազմն էլ հետը»:
Դպրոցի տնօրենն ասում է՝ բանակից վերադարձած մոտ 60 երիտասարդ տղաներ ամուսնացած չեն, նրանց մի մասը Երեւանում է աշխատում, մյուսը՝ ՌԴ-ում, ոմանք՝ Արցախում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո չվերադարձողներին չի մեղադրում. գան, ամուսնանան, գյուղի եկամտով ինչպե՞ս ընտանիք պահեն:
Աշակերտները, սակայն, լավ արդյունքներ են գրանցում: Զոհրաբ Խաչատրյանը ծանոթացնում է դպրցի լավագույն աշակերտուհիներից մեկի՝ Աննայի հետ: Աննան վստահեցնում է՝ Թառաթումբն այնքան է սիրում, որ երբ գնա բարձրագույն կրթություն ստանալու, անպայման վերադառնալու է իր գյուղ:
Խաղահրապարակում Աննան ընկերուհու՝ Էլենի հետ է: Վերջինս երկու տարի է՝ Թառաթումբում է ապրում: Գյուղ վերադարձած արցախցի ընտանիքներից մեկի թոռնուհին է: Հասցրել է մտերմանալ Աննայի ու մյուս դասընկերների հետ, բայց արցախցի ընկերուհուն՝ Լիանային, շատ է կարոտում: Արցախի իրենց դասարանում յոթ աշակերտ են եղել: Մոտ 10-ամյա Էլենն արդեն սովորել է բաժանումներին ու տեղափոխություններին: Շուտով նաեւ Թառաթումբից է գնալու. ընտանիքով Եղեգնաձորում են ապրելու, բայց որոշել է ամառային արձակուրդները գյուղում անցկացնել:
Էլենի տատը՝ Օֆիկ Գրիգորյանը, դժվարությամբ է թաքցնում արցունքները իր վերջին 23 տարիների կյանքը հիշելիս: Դեռ երիտասարդ, եռանդուն էր, երբ Թառաթումբից տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք, 10 տարի անց էլ՝ Վարդանանց գյուղ: Տեղափոխությունների ընթացքում անցած կյանքը հեշտ չի եղել, բայց ամեն ինչ հերթով ստեղծել են: Տղաներին է ամուսնացրել, թոռներ ունեցել:
2020-ի սեպտեմբերին Հայաստան էին եկել բարեկամներից մեկի հոգեհանգստին, Արցախ գնալու ճանապարհին լսել էին բոթը՝ պատերազմ է: Տուն հասնել չէին կարողացել, տարիների ստեղծածից էլ Հայաստան կարողացել էին տեղափոխել չնչին մասը միայն: «Էդ բերածը մեր արած-դրածի 1 տոկոսն էլ չէր. երեք տուն ենք թողել, տոննաներով միրգ, ցորեն, կահույք ու տեխնիկա: Հիմա 13 շունչ այստեղ ենք ապրում»:
Հիմա Օֆիկ տատը մի ցանկություն ունի՝ իր տեսածը ոչ ոք չտեսնի, աշխարհում խաղաղություն լինի:
Թառաթումբի վարչական ղեկավար Վանիկ Մարկոսյանն ասում է՝ Թառաթումբն իր խնդիրներով մյուս գյուղերից շատ չի տարբերվում. ոռոգման ջրի խնդիր է լինում, արոտավայրերն են քիչ, գազամատակարարում չկա, բայց հիմնական խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Վստահ է՝ մի փոքրիկ արտադրամասի կամ գործարանի բացումը ոչ միայն Թառաթումբի, այլեւ հարեւան գյուղերի փրկության ծրագիր կարող է դառնալ: «Երիտասարդները չեն գալիս, որովհետեւ աշխատանք չկա այստեղ, ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում կամ Երեւանում են գործ գտնում: Բայց դա էլ լուծում չէ, հասցնում են միայն տան վարձ տալ. այլ ծրագիր պետք է մշակվի»:
Մարկոսյանը գոհ է համայնքի խոշորացումից: Ասում է՝ Եղեգիս համայնքում ներառվելը Թառաթումբին հնարավորություն է տվել մի քանի անգամ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու գյուղում, բյուջեն ավելացել է:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: