Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգայ Մարչենկոն հայտարարել է, որ Կիեւը մինչեւ 2022-ի վերջը հույս ունի ստանալու եւս 12-16 միլիարդ դոլար արեւմտյան գործընկերներից:
«Ամեն ինչ կախված է անցկացված բանակցությունների հաջողությունից, մինչեւ 30 միլիարդ դոլար կարող է լինել: Արդեն ստացել ենք 14 միլիարդ դոլարը, իսկ մինչեւ տարեվերջ կարող ենք ստանալ 12-16 միլիարդ դոլար»,- նշել է նախարարը:
Մարչենկոն հավելել է, որ արդեն սեպտեմբերին կառավարությունն ակնկալում է մակրոֆինանսական աջակցության ծրագրով մուտքեր ԵՄ-ից:
Կիեւը ծրագրով պետք է ստանա ընդհանուր 8 միլիարդ եվրո. փողը կփոխանցվի մի քանի մասնաբաժիններով: Նախարարը հույս է հայտնել, որ մակրոֆինանսական օժանդակությունն Ուկրաինան կստանա լրիվ ծավալով:
Միացյալ Նահանգների իշխանություններն օգոստոսի 8-ին հայտնել են, որ Ուկրաինային կտրամադրեն 4,5 միլիարդ դոլար նրա բյուջեի օժանդակության համար: Միջոցները կտրամադրի Պետդեպարտամենտի կառույցում գործող Միջազգային զարգացման գործակալությունը։