Ըստ իրանական Tasmin գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկներին գրավոր պատասխան կտա մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 23:30-ը):
Աբդոլահիանը նշել է, որ Վիեննայում 16 ամիս շարունակված բանակցությունները կավարտվեն համաձայնագրի կնքմամբ, եթե Միացյալ Նահանգները «ճկունություն եւ իրատեսություն ցուցաբերի»։
Նախարարը հավելել է, որ մյուս կողմից, եթե Վաշինգտոնը ճկունություն չցուցաբերի, դա աշխարհի վերջը չի լինի։ «Պարզապես ստիպված կլինենք ավելի շատ ջանք գործադրել, նոր բանակցություններ նախաձեռնել համաձայնության հասնելու համար»,-շեշտել է Աբդոլահիանը։
Նախարարը նշել է, որ վերջերս Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց դրան պետք է հետեւեն գրավոր երաշխիքներ:
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը նշել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:
Այդ տեղեկության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է միջուկային նյութի ՄԱԳԱՏԷ-ի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Ըստ պարբերականի՝ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այդ հետաքննությունը արեւմտյան կողմի համար հանգուցային խնդիրներից մեկն էր։