Ֆրանսիայի կառավարությունը օգոստոսի 15-ին հայտարարել է աֆրիկյան Մալի պետությունից ֆրանսիական զորքերի դուրսբերման ավարտի մասին։ Ֆրանսիացի զինվորականները կառավարական բանակի հետ Մալիում գործող իսլամիստական խմբավորումների դեմ սկսել էին կռվել 2013-ին։
Մալիում տեղակայված ֆրանսիական ստորաբաժանումները վերատեղակայվել են հարեւան Նիգերի տարածքում։ Մալիից զորքերի դուրսբերման մասին Ելիսեյան պալատը հայտարարել էր դեռ փետրվարին՝ պաշտոնական Փարիզի եւ Մալիում հեղաշրջման հետեւանքով իշխանության եկած զինվորական խունտայի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո։
«Մալիում ծավալված գործողություններում ներգրավված վերջին ֆրանսիացի զինվորականը լքել է երկիրը։ Չնայած զորքերի դուրսբերմանը՝ Ֆրանսիան շարունակելու է ներգրավված մնալ ահաբեկչության դեմ պայքարին, որ ծավալվել է Սահելի, Գվիենայի ծովածոցի եւ Չադ լճի տարածաշրջաններում»,- նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։