Առաջին հայացքից ոչ մի ընդհանուր բան չկա Սաուդյան Արաբիայի վիզուալ մշակույթի համատեքստի եւ գերմանացի արվեստաբան Աբի Վարբուրգի արվեստաբանության միջեւ։ Բայց միայն առաջին հայացքից։
Աբի Վարբուրգի արվեստաբանությունը շարունակում է հանդիսատես եւ սիրող գրավել աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ առաջին հերթին իր խաղային եւ պոետական երեւակայությունը խթանող կառուցվածքի եւ բնույթի շնորհիվ։ Այս գործում մեծ դեր ունեն ոչ միայն Վարբուրգի արխիվները, լուսանկարչական հավաքածուները, գրադարաններն ու հետազոտական ինստիտուտներն Անգլիայում եւ Գերմանիայում, այլեւ նրա ժառանգությունը եւ կենդանի արվեստաբանությունը գնահատողների բավական պատկառելի համայնքը։ Այսօր նրա գիտելիքի մոնտաժային գործիքը՝ Ատլաս Մնեմոզինան, շարունակում է ներշնչանքի աղբյուր լինել համացանցի տիրապետության ժամանակներում պատկերի հետ աշխատող, պատկերներ ու համատեքստեր ուսումնասիրող տեսաբանների եւ սիրողների համար։
Վարբուրգը կյանքի վերջին տարիները` 1924-ից 1929-ը, գրեթե ամբողջությամբ նվիրել էր Ատլաս Մնեմոզինա նախագծին՝ գիտական իր աշխատանքը կենտրոնացնելով պատկերների մի հավաքածուի վրա, որ ներառում է ոչ միայն վաթսունից ավելի վահանակներ, այլեւ հազարից ավելի առանձին մասեր՝ հիմնականում լուսանկարներ, բայց նաեւ գրքերի պատկերազարդումներ եւ թերթից հատվածներ, փոստային նամականիշներ եւ գովազդային գրքույկներ։ Այդ պատկերաշարերը, որ միավորում են ոչ միայն տարբեր մշակույթներ, այլեւ ամենատարբեր գիտակարգեր՝ աստղագիտություն, տիեզերագիտություն, կրոնի եւ իդեաների պատմություն, այսօր շատերին են հիշեցնում համացանցի որոնողական համակարգի պատկերային հեղեղը։
Որպես ռեզիդենտ հնարավորություն ունենալով մասնակցելու Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարության կազմակերպած՝ Ջեդդայի Ալ Բալադ արվեստի կացարանի ծրագրերին՝ անցյալ տարի ներկա էի խմբային առցանց մի հանդիպման, որի ընթացքում մեր կացարանի մասնակիցներից մեկն առաջարկեց խաղային վարժություն՝ հղում անելով Վարբուրգի հայտնի ատլասին։ Արվեստի կացարանի մասնակիցներս փորձեցինք Աբի Վարբուրգի ատլասի օրինակով ստեղծել պատկերաշարեր՝ պատմելով անձնական կամ Սաուդյան Արաբիայի համատեքստին վերաբերող տարբեր պատմություններ։ Ինչպես հենց Վարբուրգն ու նրա ատլասը, այդպես էլ այս մասնավոր վարժությունն ուշադրություն է սեւեռում այն բանի վրա, թե ինչպես են մեր օրերում եւ ընդհանրապես պատկերներն ընտրվում, դասակարգվում, փոխանցվում, փնտրվում կամ օգտագործվում։ Ինչո՞ւ ենք մենք ընտրում հենց այդ պատկերները։
Վարբուրգի ատլասից ներշնչված վարժությունն օգնեց ոչ միայն ավելի շատ տեղեկություններ ստանալու Սաուդյան Արաբիայի, մասնավորապես Ջեդդահ եւ Աբհա քաղաքների մասին, այլեւ կառուցել համատեքստերին առնչվող անձնական վիզուալ պատմություններ եւ խոսել դրանց մասին։
Օրինակ՝ արվեստի կացարանի մասնակիցներից մեկը՝ Նորան, համադրել էր իրար հետ իմաստային եւ ֆորմալ կապ ունեցող պատկերաշար՝ նկարագրելով իր մանկության եւ պատանեկության նշանները։ Նորայի եւ մյուսների ընտրած պատկերաշարերը ոչ միայն փաստագրում եւ շրջանակում են Ջեդդայի կարեւոր ճարտարապետական շինությունները՝ մզկիթը, թանգարանը, հանրային քանդակները, ամսագրերը, դպրոցական դասագրքերը կամ պատմական առանցքային պահերը, այլ նաեւ անկարեւոր թվացող մանրուքները:
Իմ մյուս ֆավորիտը կացարանի մեկ այլ մասնակցի՝ Գեբան Սաեդի հավաքած պատկերաշարն էր, որը ներառում է տեսախցիկի, լուսանկարչական սարքի հին գովազդ արաբերենով։ Գեբանն ընտրել է այս պատկերը, քանի որ հավանում է գովազդի ձեւավորումը, դրա դիզայնը, այլ կերպ ասած՝ տեղեկությունը հաղորդելու կերպը։ Դրա կողքին մեկ այլ հետաքրքիր պատկերազարդ փաստաթուղթ է, որն ապացուցում է, որ տվյալ անձն ուրիշ մարդու համար կամ փոխարեն, ով տարիքի կամ այլ պատճառով չի կարողացել անձամբ ներկա լինել, հաջողությամբ հաջ՝ ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։
Կամ մեկ այլ պատկեր նույն հավաքածուից, որ ներկայացնում է սաուդական ավանդական պարի փաստագրություն՝ Saudi Aramco-ի ամսագրի լրագրողներից մեկի մասնակցությամբ։ Լինելով անընդհատ հոսքի մեջ՝ տարիների ընթացքում այս պատկերներն անխուսափելիորեն նոր իմաստներ են կուտակում՝ դառնալով ոչ միայն տեղի, ժամանակի եւ իրադարձությունների վկաներ եւ ստվերներ, այլեւ որոշակի օրակարգի եւ իրականության մեկնաբանություններ:
Այս նախագիծն իրականացվել եւ հնարավոր է դարձել Ալ Բալադ արվեստի կացարանի շնորհիվ. Ջեդդահ, 2020
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։