Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ անհայտ կորած է համարվում: Նախարարը հայտնել է, որ 18 անհայտ կորած համարվողներից մեկի վերաբերյալ տեղեկություն են ստացել, որ տվյալ քաղաքացին երկրում չէ։ «Այսինքն՝ ողջ է եւ ընդհանրապես այստեղ չի եղել»,- շեշտել է Փամբուխչյանը։
Նախարարը նշել է, որ ներկայում կատարվում է միայն հովացման աշխատանք, փրկարարները ամբողջ ծավալով զբաղված են միայն որոնողափրկարարական աշխատանքներով։
Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծել է, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են մարդ հայտնաբերել:
Անդրադառնալով մամուլում եւ սոցիալական ցանցերում փլատակներից ողջ մարդկանց հայտնաբերելու վերաբերյալ շրջանառվող տարատեսակ լուրերին՝ Փամբուխչյանը հորդորել է զերծ մնալ նման լուրեր տարածելուց, քանի որ դրանով անհիմն հույսեր են տալիս հարազատներին։
Ըստ նրա՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից։ Սակայն նախարարը դժվարացել է նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը: Նախարարը նաեւ դժվարացել է ասել՝ երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները:
Փամբուխչյանը նշել է, որ պայթյունի տարածքում օրվա ընթացքում շուրջ 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքները կատարում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի եւ ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները: Նախարարը հավելել է, որ մարդկային ռեսուրսի եւ տեխնիկայի պակաս չկա։