Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։
«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն ցավակցում է զոհվածների ընտանիքների, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ավելի վաղ ցավակցական ուղերձ էին հղել Ռուսաստանի, Սերբիայի եւ Վրաստանի նախագահները, Վրաստանի վարչապետը։
Զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին զորակցություն են հայտնել նաեւ Հայաստանում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ալբանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաեւ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունները եւ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը։
«Կուզենայի այսօր Հայաստանի մասին խոսել ավելի հաճելի թեմայով` նրա գեղեցկության, ուրախությունների ու հյուրընկալության մասին։ Բայց այսօր տխուր ենք Երեւանում տեղի ունեցած սարսափելի պայթյունի պատճառով։ Ցավակցում եմ Հայաստանի իմ ընկերներին»,– ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է նախկին դեսպանը։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված 16 քաղաքացիներից 14 են Միսակ Պատվականի Մարգարյանը, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը, ծնված 2018 թ․ եւ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, ծնված 1976 թ․։ Մնացած քաղաքացիների ինքնությունը դեռ պարզված չէ։
ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը փոխանցել է, որ ենթադրյալ անհայտ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
Անհայտ կորած համարվողների ցանկը
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող 8 քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
5․ Արամ Հարությունյան
6․ Դավիթ Մխիթարյան
7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։