ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի հետ 2015-ի միջուկային գործարքը վերականգնելու միակ ճանապարհը հավելյալ պահանջներից հրաժարվելն է։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ այն ամենը, ինչի շուրջ կարելի էր համաձայնության գալ, արդեն համաձայնեցված է։
Պաշտոնական Վաշինգտոնը նշել է, որ գործարքը վերականգնելու վերաբերյալ Միացյալ Նահանգները կարտահայտի իր դիրքորոշումը, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Եվրոպացի դիվանագետների պնդմամբ Իրանը հանձն է առել կատարելու համաձայնագրի պայմանները:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ գործարքին վերադառնալու միակ ճանապարհը դրա շրջանակից դուրս հետագա անընդունելի պահանջներից հրաժարվելն է: «Մենք այդ պահանջները վաղուց կողմնակի ենք համարում»,- ընդգծել է Փրայսը:
Բայդենի վարչակազմը ձգտում է վերականգնելու 2015-ին Իրանի հետ գերտերությունների կնքած համաձայնագիրը, որով ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի պատժամիջոցները չեղարկելու դիմաց Թեհրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը: