Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ խորհրդաժողովի շրջանակում բանակցություններ է վարել աշխատանքային այցով ՌԴ մեկնած Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Կան քննարկման ենթակա, մեր ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցությանը վերաբերող ավանդական հարցեր եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ խնդիրներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեությանն առնչվող հարցերը»,- հայտարարել է Շոյգուն:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում գլխավոր կայունացնող գործոնը շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումն է:
Միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 70 երկրների ավելի քան 700 պատվիրակներ: Խորհրդաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 35 երկրների պաշտպանության նախարարներ։ Համաժողովին մասնակցում են նաեւ վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։