Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռեիս 2009-ին, սակայն գործնականում օրենքը մասամբ սկսել է կիրառվել միայն 2019-ից, երբ Հայաստանում հաստատվել է փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ ու եղջերաթաղանթ):
Օրենքը գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով․ եթե մարդը կենդանության օրոք չի հայտնել հրաժարվելու մասին, նրա օրգանները կարող են վերցվել հարազատների թույլտվությամբ։
Օրգանների եւ հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման եւ օգտագործման կարգը եւ ռեեստրը Հայաստանում ձեւավորման փուլում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով 2022-ի սկզբին ընդունվել եւ հաստատվել է ռեեստրի գործողության եւ ձեւավորման կարգը։
Դոնորի շնորհիվ կատարվում է միայն երեք օրգանի փոխպատվաստում
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նախատեսված էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն ժամկետները փոխվել են, վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ։
Հայաստանում ողջ դոնորի շնորհիվ կատարվում է միայն երեք օրգանի՝ լյարդի, երիկամի եւ աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում: Մինչդեռ դիակային դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիները: Հնարավոր է փոխպատվաստել նաեւ առանձին հյուսվածքները՝ եղջերաթաղանթը, մաշկը, որոշ անոթներ, սրտի փականներ։ Դիակային դոնորն այդպիսով կարող է տասնյակ կյանքեր փրկել։
Լյարդի փոխպատվաստման կարիք ունեն 30 մեծահասակ եւ 7 երեխա
Ներկա պահին Հայաստանում լյարդի փոխպատվաստման կարիք ունեն 30 մեծահասակ եւ 7 երեխա: Երիկամի փոխպատվաստման կարիք ունի մոտ 400 խնամյալ, հեմոդիալիզ բուժում է ստանում մոտ 1100 հիվանդ։ Երկրում կան մարդիկ, որոնք ապրում են դոնորական օրգանների շնորհիվ․ փոխպատվաստված երիկամով՝ 116, լյարդով՝ 16 եւ սրտի փոխպատվաստման ենթարկված մեկ անձ։
«Փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» թիվ 03-Ն հրամանում սիրտը ներառված չէ։
«ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման արդյունքում կբարելավվի փոխպատվաստված խնամյալների կյանքի որակը, կապահովվի փոխպատվաստված խնամյալների սոցիալական ադապտացիան, կնվազի մահացության ցուցանիշը փոխպատվաստված խնամյալների շրջանում»,- նշել են առողջապահության նախարարությունում: Կկրճատվեն նաեւ ծրագրային հեմոդիալիզին տրամադրվող պետական ծախսերը: