Ռուսական դատարանը ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շեւչուկին մեղավոր է ճանաչել Պերմում անցկացված համերգի ժամանակ բանակը վարկաբեկելու համար եւ վարչական պատասխանատվության ենթարկել երգչին՝ տուգանելով 50 հազար ռուբլով։ Շեւչուկը նիստին չէր ներկայացել։
Իրավապաշտպան Պավել Չիկովը տելեգրամյան գրառման մեջ հրապարակել է ճանաչված երգչի՝ մայիսի 18-ին սոցցանցերում տարածված հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միշտ դեմ է Ուկրաինայի դեմ ծավալած ներկայիս պատերազմին եւ առհասարակ ցանկացած պատերազմի։
«Հայրենիքը նախագահի հետույք չէ, որ ամեն անգամ պետք է համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է»,- ասել էր Յուրի Շեւչուկը, որի խոսքերը հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունել, իսկ իրավապահները արձանագրություն էին կազմել։
Նիստին մասնակցող արձանագրության հեղինակ, ոստիկանության աշխատակցուհի Կամալովան դատարանում հայտնել է, որ Շեւչուկի «դեմ ենք պատերազմին» խոսքերում օրինախախտության նշաններ է տեսել։
ՌԴ զինված ուժերի՝ Մարիուպոլի ծննդատունը հրետակոծելու վերաբերյալ Instagram-ում եւ YouTube-ում մարտի 19-ին «ստահոդ» տեղեկություն տարածելու մեղադրանքով ավելի վաղ՝ մայիսի 4-ին հետախուզում է հայտարարվել «օտարերկրյա գործակալ» ճանաչված պետերբուրգցի հեռուստալրագրող Ալեքսանդր Նեւզորովի նկատմամբ։