Դիրքերը մոտ են Սոսին, բարձունքը երեւում է անզեն աչքով, բայց Պաշտպանության բանակի զինվորները հսկում են։ Ռուս խաղաղապահները շաբաթներ առաջ պահանջել են տրակտորով հողին հավասարեցնել նոր փորված խրամատներ, բայց թիկունքն ամրացվում է։ Թե ինչ եղանակով, չեմ ասի, մանավանդ որ չգիտեմ՝ արդյոք դա բավարար մակարդակ է։ Մի բան հստակ է, որ եթե բախումից խուսափել չհաջողվի, նախորդ պատերազմի կիլոմետրերի փոխարեն կռիվը ամեն մետրի համար է լինելու… Թեեւ ամեն, ամեն ջանք պետք է գործադրել խաղաղության համար՝ Արցախի դպրոցները, այդ թվում՝ Սոս մեծ գյուղինը, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին։
Պետք է տեսնել Սոսի միջնակարգ դպրոցը՝ հասկանալու համար, որ երեխաները սիրով են սպասելու ուսումնական տարվա սկզբին՝ ունենալով արժանապատիվ կրթության բոլոր պայմանները։ Շատ չեմ պատմի, լուսանկարներն ավելին կասեն, մանավանդ որ երկու օր եմ նկարել: Նախորդ օրը դպրոցի տնօրեն Մանուշ Վանյանին խոստացել էի առանձին լուսանկարել ծաղկանոցը, որով նա հատկապես հպարտանում էր, բայց լրացուցիչ նկարեցի նաեւ կահույքով միջանցքները, ընդարձակ դասասենյակները դատարկել էին, որ հատակները լաքապատեն, մարզադահլիճը, որը ներսից տեսնելով՝ կյանքումս առաջին անգամ ուզեցի ֆիզկուլտի դասի գնալ։ Փակ էր միայն երեք եղեւնու նախշով զարդարված առանձին շինությունը՝ կաթսայատունը, որի դիմաց արդեն դարսված էր ձմեռվա փայտը։
Դպրոցը կոչվում է սոսեցի Հայկ Հակոբյանի անունով (1973-1998), որը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին որպես կամավոր, պարգեւատրվել է Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով, նշանակվել հրաձգային գումարտակի հրամանատար, զոհվել է ականի պայթյունից։ Երկարօրյա դպրոցի կարգախոսն է՝ «Միասին քիչ-քիչ կարող ենք ամեն ինչ»։ Դպրոցը բացի էլեկտրականից ունի նաեւ մետաղյա զանգ, որը, տնօրենի ենթադրությամբ, Սուրբ Գեւորգ եկեղեցունն է եղել նախասովետական շրջանում։
Սոսի դպրոցը կառուցել է Հայաստան համահայկական հիմնադրամը՝ Թրփանճեան ընտանիքի կրթական հիմնադրամի (ԱՄՆ) եւ Արցախի կառավարության միջոցներով։ Հայաստանցի-արցախցի բաժանում անողները միշտ պետք է հիշեն, թե հայությունը ինչ մեծ միջոցներ է ուղղել համահայկական միասնական կաթսայից հատկապես Արցախին, որ զորացնի բնակավայրերը, ապահովի նրանց ապագան։
Գյուղի դպրոցից 12-ամյա Կարենը ամառվա երկու ամիսը օրական 4 ժամ ծախսելով ավտոբուսով գնում է Ստեփանակերտ՝ մասնակցելու (Շուշիի) Վարանդա երգչախմբի փորձերին, որի խմբավարը սփյուռքահայ Զաքար Քեշիշյանն է, որն իր հերթին Ֆրանսիայից է ամառվա երկու ամիսը գալիս Արցախ։ Նա պատմեց Կարենի մասին, երբ հանդիպեցինք Ստեփանակերտում, ասաց՝ տղան արտակարգ ձայն ունի:
Սոսը շրջապատված է սրբավայրերով, որոնցից մի քանիսը հնագույն ճարտարապետական հուշարձաններ են։ Ըստ ավանդույթի՝ Գրիգոր Լուսավորչի թոռնուհի Լուսինեն (Լուսնյակը) պատգամել է իր աճյունը ամփոփել շրջակայքի ամենաբարձր գագաթին, որտեղից պետք է հսկեր իր եղբայրների՝ Եղիշեի ու Գրիգորիսի հանգիստը։ Նրա մատուռը համեմատաբար վերջերս է տեղորոշվել պեղումների արդյունքում։ Պատմաբանը ավելի ստույգ «կկարդա» ցածրիկ ավերակները, բայց Սուրբ Եղիշեի բազիլիկ եկեղեցին երեւակայությամբ վերաշինելու կարիք չկա՝ ինքնին ազդեցիկ է, շիրմաքարերի պատկերներն էլ վկայում են բարձր հասարակության գոյության մասին՝ շքեղ հանդերձներով ու արարողակարգերով։ Ավաղ, պատերը աղտոտված են այցելուների ռուսատառ անուններով, որոնք նույնիսկ իրար վրա են գրած տեղը սպառելու պատճառով։
Սրբավայրերը, ինչպես ուխտատեղիի իրենց նշանակությունն է ենթադրում, դժվարամատչելի են։ Հողե դարուփոս ճամփեքի, հեռավորության ու շոգի պատճառով ինձ հազիվ թե հաջողվեր բոլորը տեսնել, եթե չլիներ իմ հյուրընկալների փեսան՝ Մանվել Ղահրամանյանը։
Նա իր սուղ ազատ ժամանակը հատկացրեց, որպեսզի հայրական հին մեքենան ավտոարշավորդի արագությամբ քշելով ու դարուփոսերը ամենագնացի վստահությամբ հաղթահարելով՝ ինձ տանի, ուր ուզում էի։ Մանվելի ութամյա որդի Անդրանիկն էլ իմ լայնեզր գլխարկը փրկեց, որը եկեղեցի մտնելիս հանել-թողել էի մի անկյունում։
— Դադայի փափախը, դադայի փափախը,- բացականչեց նա, երբ նստեցի մեքենա, ու վազեց բերելու։
Մանվելը հեկտարներով մշակովի հող է կորցրել 44-օրյայից հետո (որին մասնակցել է), բայց թեւաթափ չի եղել, 100 գլուխ ոչխար է գնել։ Գործարքը հետաձգվել է, մինչեւ կայունանա վիճակը սահմանին՝ մարտական թիվ մեկ պատրաստականություն, մասնակի զորակոչ էր հայտարարված։ 1000 շունչ հաշվվող գյուղի բնակիչներից շատերի նման նա պայմանագրային զինծառայող է։ Իրենից երիտասարդներն էլ զորակոչված են։ Դա աշխատող ձեռքի պակաս է առաջացրել Սոսում գյուղատնտեսական ամենաբարենպաստ սեզոնում։ Եվ ամբողջ Արցախում է խնդիր։ (Կա՞ պետական մարմին կամ հասարակական կազմակերպություն, որ նման տեղեկությունները հավաքում է, փոխանցում գործազրկությունից տառապող շրջաններին)։
Ծառայությունից, խաղողի այգուց ազատ ժամանակ Մանվելը հասցրել է տնակ սարքել Մոնիկայի (որը բալետի պարուհի է դառնալու) եւ Անդրանիկի համար, խաղասեղան՝ փամփուշտի դատարկ արկղից, իսկ իր ու Մարգարիտայի համար՝ կոճղերից «սրճարան»։ Արջուկ անունով քոթոթ-գամփռին նոր է բերել Հայաստանից։ Բակում ընկած բեռնատարի հին թափքը, որ ծակծկված է ԱԹՍ-ի բեկորներով, ինչ-որ պահի կյանքեր է փրկել, տունը՝ ավերներից։
Մեր ճանապարհին հաճախ շինարարության էինք հանդիպում՝ բարդագույն պայմաններում իրականացվող, ռազմական հենակետեր կային, որոնց մոտ կանգ առնելիս սեղմում էի զինվորների ձեռքերը՝ երախտագիտություն հայտնելով ծառայության համար։ Թե չէ շատերը միայն զոհվելուց հետո են արժանանում ջերմ վերաբերմունքի։ «Մենք գիտենք, թե դուք որտեղ եք»՝ երեկոյան կասի Մանվելի հայր Մավրիկը՝ թոշակառու զինվորական, պատերազմում ընկած տղաների կենացը խմելիս։
Մոտակա շաբաթ օրը Սոսում հարսանիք էր, որին հրավիրված էի, բայց միայն առավոտյան արարողությանը կարողացա ներկա լինել, երբ «մակարները»՝ փեսայի ամուրի ընկերները՝ ծառայակիցները, եկել էին նրան ուղեկցելու հարսի՝ Անգելինայի տուն առույգ ազգային երաժշտության, մրգերով զարդարված մականի եւ «հուռ-հուռ-հուռռա» բացականությունների ուղեկցությամբ։ Ծիսական շատ տարրերով արարողության մասն է, որ տանտերերը «մակարներին» պատվեն խաշով, ինչը կատարվեց, հակառակ ամառային եղանակին։
Առանձին ուրախություն էր արցախյան բառուբանը։ Որեւէ տափակության մասին՝ «անգիր արած զրուց ա»։ Инкубатор-ի թարգմանությունը ցուցանակին՝ «Ճտահանման կայան»։ Տեղանքի անունը՝ Շրշռան աղբյուր։ «Հասարակ» արցախցիների վիճակը շուրջ երկու տասնամյակ՝ «վոլնի պոսելենի ենք եղել»։ Ապօրինի նորահարուստները՝ «վինոդելներ», «ոսկե ցեպեր»։ Սեւակ Քոչարյանի հումորը, որը շատ բեկորային վնասվածքներից դեռ բուժվում է 44-օրյա պատերազմից հետո. «Տղեքն ասին՝ մտի լողավազան, ասի՝ չէ, կարող ա ծակերս փակված չըլնեն, խորտակվեմ»…
Եվ ուրիշ զարմանալի բաներ, որոնցով կավարտեմ իմ նոթագրությունը։
Սոս-Ստեփանակերտ-Երեւան