Al Jazeera հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թեհրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման առաջարկության պատասխանը: Ուղերձի բովանդակությունը դեռ չի հրապարակվել:
Ըստ իրանական ISNA գործակալության՝ իրանական կողմի պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին: Վերջինս օգոստոսի սկզբին ներկայացրել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾԾ) վերականգնման համաձայնագրի իր նախագիծը: Թեհրանն ակնկալում է Բրյուսելից պատասխան ստանալ երկու օրվա ընթացքում:
ԵՄ-ում լավատեսորեն են տրամադրված ժամկետների հանդեպ
Ըստ իսպանական El Pais պարբերականի՝ Եվրամիությունը հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ։
Թեհրանի արձագանքը Բրյուսելի վերջին առաջարկությանը խելամիտ է: Տակավին անհրաժեշտ է սպասել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին: ԵՄ-ում նաեւ լավատեսորեն են տրամադրված ժամկետների առումով. գործարքը կարող է ձեռք բերվել ուրբաթ օրը: Ըստ պարբերականի՝ ժամանակն աշխատում է համաձայնագրի կնքման օգտին՝ հաշվի առնելով աշնանն ԱՄՆ-ում տեղի ունենալիք ընտրությունները:
Բանակցությունները կավարտվեն համաձայնագրի կնքմամբ․ Աբդոլահիան
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:
Աբդոլահիանն ավելի վաղ նշել է, որ Վիեննայում 16 ամիս շարունակված բանակցությունները կավարտվեն համաձայնագրի կնքմամբ, եթե Միացյալ Նահանգները «ճկունություն եւ իրատեսություն ցուցաբերի»։
Պաշտոնական Վաշինգտոնը նշել է, որ գործարքը վերականգնելու վերաբերյալ Միացյալ Նահանգները կարտահայտի իր դիրքորոշումը, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Եվրոպացի դիվանագետների պնդմամբ Իրանը հանձն է առել կատարելու համաձայնագրի պայմանները:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ գործարքին վերադառնալու միակ ճանապարհը դրա շրջանակից դուրս հետագա անընդունելի պահանջներից հրաժարվելն է: