Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։ Հաղորդումն առնչվում է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդմանը, որ 2016-ին Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։
Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն ինստագրամյան գրառման մեջ նշել էր, որ զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու էր։
Կարո Փայլանը հայտարարել է, որ Ինջեի պնդումների առնչությամբ դատախազությունը քայլեր չի ձեռնարկել։
Պոլսահայ պատգամավորը նշել է, որ փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Ինստագրամում արած գրառումներում բացահայտել է, որ պետության ներսի որոշ մութ կենտրոններ 2016 թվականին իր դեմ սպանություն են ծրագրել, եւ այդ ծրագիրը խափանել են այլ կենտրոններ։
«Թեեւ այս բացահայտումից անցել է երկու շաբաթ, իրավապահ մարմինները, որոնք պետք է հետաքննություն սկսեին, գործի չեն անցել»,- ընդգծել է հայազգի պատգամավորը։