Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցեր:
«Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության եւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցերը»,– ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:
Միշուստինը եւ Փաշինյանը քննարկել են նաեւ Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները, ինչպես նաեւ օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) տեղի ունենալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: