Ըստ իսպանական El Pais պարբերականի՝ Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7%-ով:
Իսպանիայում էներգախնայողության ծրագիրն ուժի մեջ է մտել օգոստոսի 10-ին: Ըստ նախարարի՝ հասարակական հաստատություններում օդորակիչները չեն կարող միացվել 27 աստիճանից ցածր, իսկ ջեռուցումը չի կարող գերազանցել 19 աստիճանը։
«Չնայած առաջին յոթ օրերին գրանցված բարձր ջերմաստիճանին՝ ակնհայտ է ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը»,- ասել է Իսպանիայի փոխվարչապետ եւ բնապահպանության նախարար Թերեսա Ռիբերան։
Ըստ նրա՝ սրանք նախնական տվյալներ են, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվել: Սակայն Իսպանիայի կառավարությունում վստահ են, որ ներկայում ընդունված միջոցառումները կապահովեն գազի սպառման կրճատումը։
Եվրամիության պետություններն օգոստոսի սկզբին հավանություն տվեցին գազի պահանջարկի կամավոր նվազեցման ծրագրին՝ առաջիկա ամիսներին «երկնագույն վառելիքի» պահանջարկի պարտադիր նվազեցման պայմանով: