Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւայի հանձնարարությամբ խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են հայ գերիներին։
Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի նպատակը եղել է գերիների պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, նրանց իրավունքների ապահովմանը ծանոթանալը։
Այցի ընթացքում, որին մասնակցել է նաեւ խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամ-բժիշկը, հանդիպումներ են եղել նաեւ Ադրբեջանում դատապարտված ՀՀ քաղաքացիների հետ:
«Գաղտնի զրույցների ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր դատապարտյալի համար ապահովվում է հեռախոսային կապը, նամակագրությունը, ընտանիքի անդամների հետ շփումները, տեղեկության հասանելիության հնարավորությունները (հեռուստատեսություն, հրատարակություններ), բժշկական սպասարկումը։ Պահման պայմանների եւ իրենց հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չեն եղել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից վստահեցրել են, որ գերիների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվում են գերիների իրավունքները, ներառյալ անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական ծառայությունները:
Բաքուն ընդունում է միայն 38 հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց առկայությունը: Պաշտոնական Երեւանն առարկում է՝ պնդելով, որ հայազգի գերեվարվածների թիվն Ադրբեջանում ավելի մեծ է: Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում առնվազն 80 մարդ։