Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Երկիր մեդիա» եւ «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունները տուգանվել են «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման համար։
«Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված։ Մասնավորապես արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ եւ 20 րոպե հետո։
«Երկիր մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) հեռուստաընկերությունը խախտել է այս պահանջը։ «Հուսաբեր» ընկերությունը հանձնաժողովին բացատրել է, որ «Երկիր մեդիա»-ի եթերում գովազդի տեղադրման ժամերը չեն պահպանվել «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տեւողության երկար լինելու պատճառով։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի շրջանակում որոշում է ընդունել «Երկիր մեդիային» տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Հանձնաժողովին որեւէ բացատրություն չի տվել
Ուսումնասիրելով նյութերն ու փաստերը՝ հանձնաժողովն արձանագրել է, որ «Ֆրի նյուզ» հեռուստաընկերության «Լրատվական կիրակի» եւ «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումներն ընդհատվել են գովազդով։ Հեռուստաընկերությունը հանձնաժողովին որեւէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում որոշվել է «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությանն էլ տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։