Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (UNMIK) ղեկավար Կարոլինա Զիադեն Սերբիայի ղեկավարությանն ու ինքնահռչակ հանրապետության իշխանությանը կոչ է արել ԵՄ-ի միջնորդությամբ առաջիկա բանակցություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու փոխզիջման որոնման հարցում:
Զիադեն նշել է, որ կողմերը պետք է աշխատեն մնացած հարցերի լուծման ուղղությամբ՝ օգտագործելով անցած 11 տարիների ընթացքում աշխատածը, որ լրացնեն բանակցություններում դժվարությամբ ստացված արդյունքները:
ՄԱԿ-ի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ երկխոսությունն ու փոխզիջումը բոլորի համար կայունության ու բարեկեցության միակ ճանապարհն են:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ու Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի բանակցությունները: Բելգրադում եւ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանությունները ողջունել են երկխոսության հերթական փուլը։
ՆԱՏՕ-ն պատրաստ է միջամտելու
Ըտս բրիտանական Reuters գործակալության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում պատրաստ են միջամտելու, եթե Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ կայունությունը վտանգվի:
«Թեեւ իրավիճակը տեղում բարելավվել է, բոլոր կողմերի, մասնավորապես՝ Բելգրադի եւ Պրիշտինայի պաշտոնյաների պարտականությունն է կանխել նոր լարվածությունը»,- շեշտել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերելու եւ խուսափելու բռնություններից։